TikTok-ի դարաշրջանում չես կարող միտինգով իշխանություն վերցնել. Քաղտեխնոլոգ
Քաղաքական
13:26 04/10/2025
Հայաստան

TikTok-ի դարաշրջանում չես կարող միտինգով իշխանություն վերցնել. Քաղտեխնոլոգ

«Միքայել Սրբազանի ազատազրկումը մեսիջ էր եկեղեցուն, որ եթե Կաթողիկոսը հրաժարական չտա, շատերի դեմ կարող են նման քրեական գործեր սարքել, սակայն ամենայն հավանակնությամբ Կաթողիկոսը հրաժարական չի տալու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշմանը։

Շատերը Միքայել Սրբազանի ազատազրկումը համարում են խորհրդրանական ընտրությունների նախաշեմին պողպատե մուրճի ցուցադրության վառ օրինակ, երբ իշխանությունն ամեն գնով լռեցնելու, ազատազրկելու է իր ընդդիմախոսներին։

Արմեն Վադալյանի գնահատմամբ, Հայաստանում այս պայմաններում իշխանությունն ընտրական գործընթացում առաջնորդվելու է մոլդովական սցենարով, այսինքն դա վերածվելու է ընդամենն իշխանությունների վերարտադրման միջոցառման, ոչ թե  տարբեր գաղափարների միջև ընտրություն կատարելու գործընթացի։

Կհաջողվի՞ իշխանությանը գնալ այդ տարբերակով, երբ ընտրություններին մասնակցելու են նոր ուժեր, մասնավորապես գործարար, բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, այսօր մամուլում հրապարակում կար Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հնարավոր մասնակցության մասին։

«Մոլդովական սցենարը նաև նոր ուժերի չեզոքացման տեխնոլոգիա է  ներառում։ Մոլդովայում էլ նոր ուժեր հայտնվեցին, բայց դա չխանգարեց Սանդուին ԵՄ-ի լռելյայն աջակցությամբ իրականացնել իշխանության վերարտադրման գործընթաց»,-ասաց քաղտեխնոլոգը։

Ուրեմն պետք է  համակերպվե՞լ Հայաստանի այս իշխանության վերարտադրության մտքին։

«Ոչ բացարձակ, ընդհանրապես պետք չէ այդ մտքին համակերպվել։ Ընդհակառակը։ Ընդդիմությունը կարող է իշխանությունը վերցնել, եթե մի քիչ ստեղծագործ կամ կրեատիվ մոտեցում ցուցաբերի։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի ընդդիմությունն առաջնորդվում է 1980-ականների վերջին 1990-ականների սկզբի քաղաքական պայքարի տեխնոլոգիաներով, որի հիմնական մասը մարդկանց փողոց դուրս բերելն է։ Հիմա դրանք չեն աշխատում։ Ընդդիմությունը չի հասկանում, որ 2025-26 թվականներին քաղաքական պայքարի տեխնոլոգիաներն էականորեն փոխվել են, Տիկտոկի դարաշարջանում չես կարող միտինգով իշխանություն վերցնել»,-ասաց քաղտեխնոլոգը։

Ա. Բադալյանի համոզմամբ, այն պահին, երբ ընդդիմությունը ձևավորվի ստեղծարար մոտեցում ընտրական գործընթացի նկատմամաբ, շատ հեշտությամբ իշխանությունը կվերցնի, քանի որ իշխանությունը հիմա շատ թույլ է։

«Դրա համար, ժողովրդական լեզվով ասած, պետք է միայն ուղեղներին զոռ տան, բայց քանի որ կոմֆորտ վիճակից դուրս գալ չեն ուզում, դրա համար էլ այս իրավիճակը պահպանվում է։ Իսկ այս պայմաններում  իշխանությունը հանգիստ կվերարտադրվի։ Կրկնում եմ, ստեղծարար մոտեցման դեպքում ընդդիմությունը կարող է շատ հեշտությամբ իշխանությունը վերցնել։ Իշխանությունը հիմա բավականին թույլ է։ Բայց ընդդիմության համար ավելի հեշտ է բղավել՝ վարչապետը դավաճան է, թուրք է, էս է, էն է, գնալ տարբեր տաղավարներ ու սկսել ողբերգական ելույթներ ունենալ, թե ինչպիսի վատ գործընթաց է իրականացվում, ու ոչինչ չանել իշխանությունը վերցնելու ուղղությամբ։ Խոսքը չի վերաբերում «Դիմադրություն», «Սրբազան» շարժումներին, որոնք, ըստ էության, տեխնոլոգիական տեսակետից 1980-90-ականների բովանդակություն ունեին։ Օրինակ, վարչապետը խիստ մեծ ձգտում ունի իշխանությունը պահելու, բայց ընդդիմության մեջ չկա այսպես ասած Նիկոլ Փաշինյան, որն ամեն գնով կցանկանա իշխանությունը վերցնել։ Սա է խնդիրը»,-նշեց քաղտեխնոլոգը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
TikTok-ի դարաշրջանում չես կարող միտինգով իշխանություն վերցնել. Քաղտեխնոլոգ