Մենք զգուշացնում ենք՝ Միքայել Սրբազանի դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար. ԴԱԿ
Քաղաքական
11:55 04/10/2025
Հայաստան

Մենք զգուշացնում ենք՝ Միքայել Սրբազանի դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար. ԴԱԿ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի դատապարտման կապակցությամբ.

««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորը մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան
հոգևորականը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կարծիք հայտնելու համար։ 

Սա ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում է, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, խղճի ազատությանը և իրավական պետության հիմքերին։  Այն վկայում է, որ իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթաց՝ փորձելով լռեցնել բոլոր այլախոհ ձայները։  Այս դատավճռով Հայաստանը մտնում է ավտորիտարիզմի հաստատման հերթական փուլ։ 

Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝ կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։ 

Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝ կառավարման համակարգը կառուցելով վախի, հնազանդության և լռության վրա։ 

Հայաստանում այլախոհությունը այլևս չի ընկալվում որպես ժողովրդավարության բնական տարր, այլ դիտվում է որպես իշխանության համար վտանգավոր երևույթ՝ արժանի պատժի։ 

Սա դատական սխալ չէ, այլ՝ համակարգային գործընթաց, որի նպատակը հասարակության վերահսկումն է և իշխանության ինքնապահպանությունը՝ օրենքի, ազատության և մարդու արժանապատվության հաշվին։ 

Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն մեկ հոգևորականի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական առաքելության դեմ։ Այն տեղավորվում է վերջին տարիներին հետևողականորեն վարվող հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է թուլացնել Եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա։ 

«Դեմոկրատական այլընտրանքը» համոզված է, որ. 

● Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ, 

● Դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և ծառայում է իշխանական վերահսկողությանը, 

● Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումն ու քայքայում ազգային համերաշխությունը։ 

Այս ամենը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և կասկածի տակ է դնում
մեր երկրի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին բոլոր հայտարարությունները։ 

«Դեմոկրատական այլընտրանքը» հայտարարում է․ 

● Միքայել Աջապահյանի գործը միայն մեկ հոգևորականի դատավարություն չէ։
Այն դարձավ ազատության, արժանապատվության և ինքնության փորձաքարը։ 

Այս դատավճռով դատվում է ոչ թե մարդը, այլ՝ ազատ խոսքն ու ազատ մտածողությունը։ 

Մենք պահանջում ենք՝
1. Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլ նաև՝ Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին, մյուս քաղբանտարկյալներին: 

2. Վերականգնել դատական իշխանության անկախությունը և ապահովել արդար դատաքննության իրավունքը, 

3. Դադարեցնել Եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները: 

Մենք զգուշացնում ենք՝ այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ 

Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար, չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։  «Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել։  Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլ՝ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է։  Մենք պաշտպանում ենք ոչ Հայաստանի ազատությունը և քաղաքացու արժանապատվությունը»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ
Երևան, 2025 թ. հոկտեմբերի 4

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք զգուշացնում ենք՝ Միքայել Սրբազանի դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար. ԴԱԿ