Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շաքիի ջրվեժում գենդեռ փարթի անելու դեպքով հարուցվել է վարչական վարույթ
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունից պարզաբանում ին տարածել Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու մասին՝ մասնավորապես նշելով. «Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար»։