Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների եռակի հաղթող, արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, պատմության մեջ չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացող և բազմաթիվ այլ խոշոր մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանի ծննդյան օրն է:
Արոնյանը ծնվել է 1982 թվականին։ Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Արոնյանը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո: Լևոն Արոնյանը այդ տարվա փետրվարին հայտնել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ։ Նա մասնավորապես ասել էր. «2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց ... Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:
Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:
Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»»։
Արոնյանի հաղթանակների շթերքը շարունակվում է նաև ԱՄՆ դերոշի ներքո։ Նշենք միայն մեկը՝ այս տարի հաղթել է Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարում՝ վաստակելով 40 հազար դոլար։
Լևոնը համարում է, որ իր կյանքը շախմատում է. «Սխալ կլինի, եթե ասեմ՝ իմ կյանքը Հայաստանում է կամ Եվրոպայում. իմ կյանքը շախմատում է»։
