Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկել է արխիվ
Քաղաքական
16:21 06/10/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկել է արխիվ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ։ Այս մասին Panorama.am-ին փոխանցեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի արխիվ։ Ժամկետների անհամապատասխանության պատճառով չէր կարող ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ և իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցը ուղարկել Ազգային ժողովի արխիվ։

Պատգամավորները, ովքեր գաղտնիության թույտվություն ունեն, կարող են գնալ արխիվ ու ծանոթանալ այդ զեկույցին»,-պարզաբանեց Հարությունյանը։

Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը կոնկրետ ժամկետներ է սահմանում, իսկ սահմանված ժամկետներն այս դեպքում անցնելն են։

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավոր  հանձնաժողո՞վն է ուշ պատրաստել ու ներկայացրել Ալեն Սիմոնյանին, Հարությունյանն ասաց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ԱԺ կանոնկարգ օրենքում պարզ գրված է»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ 

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder