Այսպիսի իրավաբանություն չի կարող լինել. Սերժ Սարգսյանի պաշտպան
Իրավունք
16:35 07/10/2025
Հայաստան

Այսպիսի իրավաբանություն չի կարող լինել. Սերժ Սարգսյանի պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստում հանրային մեղադրողը ներկայացրել էր 4 մլրդ դրամի չափով  գույքային հայց։

Ս.Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ուսումնասիրել են հայցադիմումը,  պնդում են, որ հայցադիմումը ենթակա է ընդհանրապես վերադարձման։ Նա խնդրում է դատարանին մերժել գույքային հայցը։

Մակինյանը ներկայացրեց մի քանի հիմնավորումներ, ապա նշեց. «Պետությունը մեզ մեղադրում է  նրա համար, որ.  պետության ներկաացուցիչների կարծիքով,  հողամասերը էժան են վաճառվել  և տարբերություն գումարն են մեզնից բռնագանձում, մյուս կողմից  ամբողջ հողամասերն ամբողջությամբ  բռնագանձում է սեփականատերերից։

Հռետորական հարց ենք բարձրացնում՝ այսպիսի իրավաբանություն կարո՞ղ է լինել։ Չի կարող լինել»։ 

Հանրային մեղադրողը նշեց, որ կարող է լինել այդպիսի իրավաբանություն։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսպիսի իրավաբանություն չի կարող լինել. Սերժ Սարգսյանի պաշտպան