Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետական դավաճшնnւթյшն մեջ մեղադրվnղ ԱԳՆ աշխատակիցը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Պաշտպան
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու համար մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործով դատական նիստը դռնփակ ռեժիմով է։ Պաշտպան Աբգար Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գործը դռնփակ է քննվում պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա։
Հարցին՝ ինչո՞ւ են նման միջնորդություն ներկայացրել, Ա. Պողոսյանն ասաց, որ դռնփակ ռեժիմով անցկացնելու միջնորդությունն է էլ դռնփակ քննարկվում, անգամ այդ պատճառները ևս դռնփակության կանոնների մեջ է։
«Զրկված եմ որևէ մեկնաբանություն, տեղեկատվություն տալուց։ Դրա շահառուն հաստատ առաջինը մենք էինք, մենք շատ կուզեինք դեպքի մանրամասները հասու դառնա բոլորին, պարզապես զրկված ենք այս պահին»,- ասաց Ա. Պողոսյանը։
Նա նշեց, որ Աշխեն Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Աշխեն Ալեքսանյանն այժմ կալանավորված է։
Մեղադրական համառոտ եզրակացության համաձայն. «Աշխեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի փետրվարի 14-ից համացանցային շփումների միջոցով ծանոթացել, այնուհետև արտերկրում անձնական հանդիպումների ժամանակ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձի կողմից և, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական գործառությունների համակարգման վարչության արտաքին քաղաքականության փոխգործակցության ապահովման և դիվանագիտական առանձին գործառությունների համակարգման բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնը, ի պաշտոնե հասանելիություն ունենալով առնչվելու ՀՀ ԱԳՆ «MulberryGroupware 2.0» համակարգով իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությանը, լրտեսության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ «MulberryGroupware 2.0» համակարգով իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությանը ծանոթանալու համար պայման ստեղծելու եղանակներով, ընդհանուրը 34.000 եվրո գումարի դիմաց Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին է հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ»:
ՔՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։