Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելի քան 8 տարի առաջ կատարված աղմկահարույց սպանության հետքերով. Արարքը հնարավոր է վերաորակվի
Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի աղմկահարույց սպանության գործով դատարանում քննությունը սկսել է նորից։ Ավելի քան 8 տարի առաջ կատարված այս սպանությունը ցնցել էր մարդկանց։ 2017թ. հուլիսի 22-ին պաշտոնյայի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը կացինով սպանել էր քնած ամուսնուն։
«Երկու դատավոր, 3-4 մեղադրող է փոխվել։ Գործն այժմ քննում է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը։ Հիմա գործը սկսել ենք նորից, նորից վկաներին ենք լսելու և այդպես շարունակ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը։
2018 թվականի հունվարի 5-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր գործով նախաքննության ավարտի մասին։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին: Դատավորի լիազորությունները 2020-ի հոկտեմբերի 26-ին դադարեցվել են։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։ Գործով 3-4 դատախազ է փոխվել, բազմաթիվ նիստեր չեն կայացել հենց մեղադրողների չներկայանալու հետևանքով։ Բացի այդ այս ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են քննվել։ Փաստաբանը նշում է, որ դատական քննությունը ձգձգվում է նաև սպանվածի եղբոր՝ տուժողի իրավահաջորդի հաճախ նիստերին չներկայանալու պատճառով: Արամ Սիմոնյանն ապրում է երկրից դուրս, միջնորդում է առանց իր մասնակցության նիստեր չանցկացնել։

Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին: Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի իրենց տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից: 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, Ռուզաննայի ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, կրկին ծեծի է ենթարկել կնոջը, այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդել, պառկել է մահճակալին քնելու: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց խոհանոցում տեսել է սառնարանի կողքին դրված կացինը, և որոշել է սպանել քնած ամուսնուն՝ տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:
Ռուզաննա Մկրտչյանը վերցրել է կացինը և մի քանի անգամ հարվածել դրանով մահճակալին քնած ամուսնու գլխին: Մանուկ Սիմոնյանն ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Սպանությունը կատարելուց հետո կինը տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայով միասին դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում: Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով։ Այն սահմանում է. «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։
Մոտ մեկ տարի կալանքի ներքո մնալուց հետո Ռ. Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։ Փաստաբանն ասում է՝ կինը տարիներ շարունակ բռնությունների ենթարկվելու հետևանքով առողջական լուրջ խնդիրներ ունի, մի քանի անգամ վիրահատվել է։
Մկրտչյանի պաշտպան Ն. Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արարքը կվերաորակվի, քանի որ դատարանի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում տրված եզրակացության համաձայն, կինը գործել է աֆեկտի պայմաններում։
«Բժիշկները համալիր փորձաքննությամբ հաստատել են, որ Ռուզաննան հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նա ապրել է ծանր պայմաններում ու գործել է աֆեկտի ազդեցությամբ»,-ասաց Ն. Պետրոսյանը։