Ալեն Սիմոնյանի խոսնակը սպառնո՞ւմ է Տեր Եսայի քահանա Արթենյանին
Քաղաքական
12:01 09/10/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանի խոսնակը սպառնո՞ւմ է Տեր Եսայի քահանա Արթենյանին

«Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Մայր Տաճար այցելելությունը։ Այդ մեկնաբանությունը կարելի էր նորմալ համարել, եթե վերջում նա չխոսեր եկեղեցու ներսում նկարահանման վերաբերյալ իբր շրջանցված կարգի, տաճարում աղոթելու և ինչ-որ կազմակերպված ցուցադրական տեսարանների մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանի խոսնակ  Մովսես Հարությունյանը։

Նա շարունակել է.

«Առաջարկում եմ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենին հաջորդ անգամ երկու, երեք կամ անհրաժեշտության դեպքում նույնիսկ յոթ անգամ մտածել խոսելուց առաջ կամ եթե, ինչ-ինչ պատճառներով այդ ունակությունը չկա, ապա կխնդրեմ ուղղակի լռել: Սկսել հանրային քննարկում ցուցադրական տեսարանների և Մայր աթոռում շրջանցված կարգերի վերաբերյալ հաստատ չի բխում իր շահերից»։

Նշենք, որ երեկ Ալեն Սիմոնյանն այցելել է Մայր Աթոռ։ Նա ինսթագրամի սթևրի բաժնում լուսանկար ու տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է այցելում եկեղեցի, մոմ վառում, բարևում մարդկանց ու լուսանկարվում նրանց հետ։

Արձագանքելով այս ամենին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը News.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել է.

«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար:  Մայր Տաճար կարող կարող  են այցելել  ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ։ ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել  ցուցադրական տեսարաններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder