Եղեռնի հուշարձանի շուրջ պատրաստվում են փորել 4 մ խորությամբ, 3 մ լայնությամբ հսկա խրամատ. Անահիտ Թարխանյան
Հասարակություն
14:23 09/10/2025
Հայաստան

Եղեռնի հուշարձանի շուրջ պատրաստվում են փորել 4 մ խորությամբ, 3 մ լայնությամբ հսկա խրամատ. Անահիտ Թարխանյան

«Ծանր  իրավիճակ է ստեղծվել Եղեռնի հուշարձանի վերանորոգման հետ կապված»,- ասուլիսում ահազանգեց «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ նախագահ,  ճարտարապետ, ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքի ժառանգ Անահիտ Թարխանյանը։

Նա նշեց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչպես մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան  մասնագիտական փորձ, նախագծում ու  վերանորոգում է  Եղեռնի հուշարձանը։

«Ակնկալում էի, որ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ  կձևավորովի փորձագետների մեծ մասնագիտական խումբ, սակայն աշխատում է  ընդամենը մեկ անձ»,- ասաց Ա. Թարխանյանը՝ ընդգծելով, որ հուշարձանի համահեղինակ Սաշուր Քալաշյանը օրերս դուրս է եկել  աշխատանքային խմբից։

Նա նշեց, որ հուշարձանի կառուցման ժամանակ օգտագործված մեծ քարերը խորհրդանշական են. «Մեր ժողովրդի մեծ վիշտն է արտացոլված այդ մեծ քարերում»։

Ա.Թարխանյանն ասաց, որ պատրաստվում են մոտավորապես «Արփա-Սևան» թունելի նման մի հատ խրամատ փորել Եղեռնի հուշարձանի շուրջը, որն ունենալու է 4 մետր խորություն, 3 մետր լայնություն։

«Դա հաջորդ էտապն է։ Երբ որ սեպտեմբերի սկզբին ասում էի՝ մույթերի քարերն են պոկելու, աստիճաններ էին պոկելու, չէին ուզում ընկալել, թե արհավիրքն ինչքան ծավալուն է։ Հաջորդ էտապն այդ հսկա խրամատի փորումն է։

Կանգնած ենք մի խնդրի առաջ, որի հետևում մեկ հոգի փորձություն չունեցող երիտասարդ անձնավորություն է, որի հետևում էլ ստորագրում է «Հայ նախագիծ» ընկերության տնօրենը»,- ասաց Անահիտ Թարխանյանը։

«Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ  Արտավազդ Թարխանյանն ասաց, որ նախքան որևէ  նախագիծ անելը, նախ պետք է ուսումնասիրություն կատարել՝ հուշարձանի տակ ջրեր կան, չկան, կան անձրևային հոսքներ, թե ոչ։

«Պետք է զոնդավորել, սկանավորել, ուլտրաձանային միջոցներով գործողություններ կատարել, նոր այդ ուսումնասիրության հիման վրա հասկանալ, որոնք են հիմնական խնդիրները, ինչպիսի առաջադրանք տալ նախագծողին, որպեսզի կարողանա հստակ լուծել այդ խնդիրները։

Այդ դեպքում ինչ-որ լուծումներ ենք անում, ընդ որում ապամոնտաժում ենք, քանդում ենք այդ ամենը,  տեսնենք՝ ինչ  է գտնվում տակը, հետո ինչ-որ գործողություններ անում։ Դա անթույլատրելի մոտեցում է»,- նշեց նա։ 

Թարխանյանն ասաց, որ ՏԻՄ մարմինները տվել են հուշարձանի ամրակայման, վերանորոգման աշխատանքներ կատարելու թույլտվություն, իրենք իրականացնում են վերակառուցման աշխատանքներ, ինչը նախատեսում է լրիվ այլ ընթացակարգ։

Մանրամասն՝ տեսանյութերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder