18 արդարների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Հովհաննես Խուդոյան
Իրավունք
19:05 09/10/2025
Հայաստան

18 արդարների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Հովհաննես Խուդոյան

 Դատական նիստի ընթացքում  18 արդարների գործով մեղադրյալներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ինչի պատճառով դատական նիստն ընդմիջվեց (մանրամասները՝ տեսանյութում)։

Այնուհետև կարճ ժամանակ անց շարունակվեց։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը գործով մեղադրյալներից երկուսի պաշտպանն է, հայտարարեց, որ բոլորի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է  ներկայացրել։

«Ընդհանրապես բոլորի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն եմ  ներկայացնում։ Միջնորդության իրավական հիմքը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հանցակազմի բացակայության հիմքն է»,- այս մասին 18 արդարների գործով հերթական դատական նիստին հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա նաև մանրամասնեց, թե ինչո՞ւ պետք է հանցակազմի բացակայության հիմքով այս վարույթը կարճվի և քրեական հետապնդումը դադարեցվի։

«Այս վարույթի ամբողջ նյութերի հետազոտումը արդեն իսկ հնարավոր չէ  այս վարույթի կեղծված և փչացած լինելու պատճառով։  Փաստական հանգամանքներին անդրադառնալով միջնորդությամբ պետք է գնանք մի քիչ ավելի խորը ժամանակներ՝ 2024 թվականի հունիս ամիս, երբ որ սկիզբ է դրվել այս վարույթով հետաքրքրությունը իրավապահ մարմինների կողմից։ Ի՞նչ է տեղի ունեցել այն ժամանակ։Ստացվել է ինչ-որ մի գրություն, տեղեկանք, որն այն մասին է,թե ստացվել են օպերատիվ տվյալներ, որ Բագրատ Սրբազանն, իրենց դատավարական ձևակերպումներով  նաև անձնագրային անունը նշելով, և նրա համակիրները պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունում կատարել հանցագործություն։ Սակայն ոչ թե ահաբեկչության կամ զավթման վերաբերյալ, այլ Ազգային ժողովի կառավարությանը Սահմանադրական դատարան պարտադրելու հատկանիշներով։ Էս տեղեկատվությունը որևէ ձևով նախաքննության ընթացքում ստուգված չէ և դատարանին ներկայացված նյութերով այդպիսի տվյալ չկա։ Ինչն է դրդել որևէ օպերատիվ աշխատակցի զեկույց ներկայացնել իր վերադասին կամ գուցե այդպիսի զեկույցի բացակայության պայմաններում այդպիսի վերադասին ով է դրդել նման տեղեկատվություն ներկայացնել ԱԱԾ»,- ասաց Խուդոյանը։

Խուդոյանի ելույթն ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 16։00-ին։

«Կես հարց կարողացանք այսօր քննարկել»,- հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանն ու ավարտեց դատական նիստը։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder