Պուտինի համար Ալիևի հետ հանդիպումը անհրաժեշտ էր ոչ այնքան արդյունքի, որքան ազդակների համար. Քաղաքագետ
Քաղաքական
17:30 09/10/2025
Հայաստան

Պուտինի համար Ալիևի հետ հանդիպումը անհրաժեշտ էր ոչ այնքան արդյունքի, որքան ազդակների համար. Քաղաքագետ

«Պուտին-Ալիև հանդիպումը, որը տևել է շուրջ մեկ ժամ, ըստ ամենայնի, որոշ չափով «կհալեցնի» այն սառույցը, որն առաջացել էր վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Սակայն վաղ է խոսել ռազմավարական գործընկերության վերադարձի մասին»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այսօր Դուշամբեում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը։ 

Ըստ նրա, իրականում՝ կողմերի միջև առկա լարվածությունը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ 

«Ինքնաթիռի վթարի պատմությունը պարզապես արտացոլեց այն անվստահությունը, որ առաջացել էր դեռևս 44-օրյա պատերազմի հետևանքով հաստատված նոր ստատուս-քվոյից հետո։ 

Խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, Բաքվի ակտիվ կապերը Անկարայի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Մոսկվայի ազդեցության նվազումը Հարավային Կովկասում՝ այս ամենը դարձան նոր քաղաքական իրականության բաղադրիչներ։ 

Ալիևը այսօր վարում է հաշվարկված, բազմավեկտոր քաղաքականություն՝ հավասարակշռելով Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի շահերը։ 

Պուտինի համար այս հանդիպումը անհրաժեշտ էր ոչ այնքան արդյունքի, որքան ազդակների համար՝ ցույց տալու, որ Ռուսաստանը դեռ կարող է լինել ազդեցիկ խաղացող տարածաշրջանում, թեկուզ՝ առանց նախկին լծակների։ 

Այս հանդիպումն ավելի շուտ վերաբերում է պայմանական գործընկերությանը, քան ռազմավարական դաշինքին։ 

Այո, սառույցը հալվում է, բայց անվստահության «սառնությունը» դեռ պահպանվում է»,- գրել է Սուրենյանցը։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder