«Ժողովուրդ». Դատախազությունը խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով
Օրվա մամուլ
08:23 10/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Դատախազությունը խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այս տարվա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետևանք չի մնացել. Դատախազությունը գործի է անցել:

Հիշեցնենք՝ նա ամբիոնից բառացի ասաց. «Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

Վարչապետի այս խոսքերը հետևեցին այն հարցազրույցին, որտեղ Վարդան Ղուկասյանը, իր ոճով, նշել էր, թե Հայաստանը պետք է միութենական կազմի մեջ մտնի՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ բոլոր երկրներն էլ, նաև խոշոր և զարգացած, պետք է լինեն որևէ միութենական կազմում՝ ՆԱՏՕ, ԵՄ կամ ՀԱՊԿ:

Սակայն քաղաքական այս քննարկումը ստացավ իրավական ընթացք։ Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։

Այսպիսով՝ խոսքի ազատությունը կրկին հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։

Հիշեցնենք՝ նմանատիպ պատմությունների կիզակետում արդեն հայտնվել էին Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իրենց հրապարակային հայտարարությունների համար:

Դատախազությունը, կարծես, խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով։ Եվ օրըստօրե մեր երկրում կարծիք արտահայտելը դառնում է քրեորեն հետապնդելի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder