Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Իշխանական թիմին հրահանգ է իջեցվել՝ «օրորոցում խեղդել» ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ: Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում` ձևավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին և հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։
Մեր տեղեկություններով, իշխանական թիմին հրահանգ է իջեցվել՝ «օրորոցում խեղդել» ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ, կարևոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի: Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ` ՔՊ հրետանին:
Բացի այդ, 2026 թ. ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին, եթե հնարավոր է` ազատվել նրանցից, եթե` ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։ Իշխանությունն այլևս ոչ մի բանի առաջ չի կանգնում` կարող են կալանավորել համայնքապետին, նրա որդուն, զինակիցներին, առաջիկայում հալածանքներ սկսել այլ հայտնի ու ազդեցիկ դեմքերի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ։
Ի դեպ, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ակնարկեց, որ օրենքում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ թափանցիկ դառնա կուսակցությունների ֆինանսավորումը: «Ո՞վ ա ֆինանսավորում մյուս կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորում»` այս հարցերը պետք է օրենքով կարգավորել, «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց է ընդհուպ բարձրանում, կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան և կոնսպիրացիայով զբաղվեն»,- հրահանգ իջեցրեց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։