Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպումը
Քաղաքական
09:43 10/10/2025
Հայաստան

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Վերջինս ողջունել է Փաշինյանի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը: Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Դուշանբեի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան: Հոկտեմբերի 10-ին նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:



Աղբյուրը`Panorama.am
Placeholder