Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞վ է Հյուսիս-Հարավի կառուցմանը խոչընդոտող հողի սեփականատերը, ի՞նչ կապ ունի նա Արամ Սարգսյանի կուսակցության հետ
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում գտնվող հողի սեփականատիրոջ պահանջների պատճառով ճանապարհի այդ հատվածը մնացել է անսարք, ինչը պատճառ է դարձել մշտական խցանումների, վթարների, ի վերջո միջպետական նշանակության այդ ճանապարհի չշահագործման։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ նախորդ հրապարակումներում տեղեկացրել է, որ հողի սեփականատերը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ք․ Երևան Շերամի 34/1 հասցեի նկատմամբ սեփականության մասով գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը։ Այսօր այդ գործով հերթական նիստն էր, որը հետաձգվել է։ Դատարանի որոշմամաբ այդ հատվածում որևէ շինարարություն արգելվում է։ Ի դեպ, հայցվոր կողմը դեմ է, որ նիստերը լուսաբանվեն։
Խնդրի մասին երկու անգամ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրն է։ Ն. Սարգսյանի գրառումների ներքո հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը պարբերաբար գրում է, որ Սարգսյանը չի բացահայտում իրականությունն ամբողջությամբ։
Ո՞րն է իրականությունը։ Ի՞նչի մասին է լռում Ն. Սարգսյանը։
«Իմ գնահատմամբ, այդ գործը քննվում է կողմնակալ կերպով։ Ինչ վերաբերում է ճշմարտությանը, ապա հողատարածքի սեփականատերը՝ Արշակ Արշակյանը հանդիսանում է «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու, որի մաս է կազմել Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը։ Բացի այդ, Արշակ Արշակյանի ազգակիցը՝ Կարեն Հակոբյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նրանք միասին ունեն լուսանկարներ այդ հողամասում։ Արշակյանը լուսանկարներ ունի նաև ՔՊ-ական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-Panoarama.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց Արթուր Չախոյանը՝ հիշեցնելով, որ այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Ռոմիկ Մխիթարյանն է «Հանրապետություն» կուսակցությունից։

Սոցցանցերի տարբեր էջերում հրապարակած լուսանկարներում Չախոյանը ֆիքսել է, որ 2023թ. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին Ա. Արշակյանը մասնակցել է ՔՊ թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավին այն պահին, երբ Տիգրան Ավինյանը հենց այդ ճանապարհի իրենց հողամասը քանդում էր։
«Ստացվում է, որ դա ՔՊ-ի հողամասն է, և իրենք փորձում են պետությունից էլ ավելի շատ գումար գանձեն։ Մեկ այլ հանգամանք։ Ես նշել եմ, որ նրանք այնքան լծակներ ունեն, որ կարողացել են Կադաստրի կոմիտեին սխալ հանել, փոխել են հողամասի նշանակությունն ու կարողացել են բարձրացնել հողի գինը։ Ստացվում է, որ այդքան տարի հարկ են վճարել ու չեն տեսել, որ հողի նշանակությունը սխալ է, մեկ էլ պատահականորեն պարզվել է, որ Կադաստրի կոմիտեն սխալմունք է թույլ տվել ու փոխել են հողի նշանակությունը»,-ասաց Չախոյանը։
Զրույցի ավարտին Չախոյանն արձանագրեց, որ հողի սեփականատերը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է ՔՊ-ականների, Կարեն Հակոբյանի հետ լուսանկարները։ Սակայն հասարակական գործիչը հասցրել է դրանք արխիվացնել։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։