«Հրապարակ». Ժամանակին երիտկարիերիստը երազում էր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնել, բայց այսօր նրա մասին անունով է խոսում
Օրվա մամուլ
08:44 11/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Ժամանակին երիտկարիերիստը երազում էր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնել, բայց այսօր նրա մասին անունով է խոսում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին բուռն քննարկվեց Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցը:

ՔՊ վարչության նիստից հետո նա լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների և նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։ Ջաբրայիլը (Մեխակավան) ազատագրած հոր՝ հանգուցյալ հրամանատար Մեխակ Մեխակյանի պատգամն ուրանալու մասին հարցից էլ քաղաքապետի թեկնածուն ընկել էր ցայտնոտի մեջ և ասել, որ Արցախը ոչ թե իրենց թիմն է հանձնել, այլ՝ նախկինները․ «Իմ հոր և իր մարտական ընկերների արյունով շահած հայրենիքը նախկինները կեղեքել են, Արցախը, արցախցուն հարստահարեցին, էսօր փոխանակ ամաչեն, գլուխները կախեն, մեծ-մեծ խոսում են...»։

Իրականում Մեխակյանն ինքն էլ է այդ «կեղեքիչ իշխանությունների» մաս կազմել, պետական ապարատում է աշխատել: Մենք տեղեկացանք, որ նա եղել է Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի օգնականը, ապա Կադաստրի կոմիտեից տեղափոխվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Երբ նախկինների «ամենակարկառուն» ներկայացուցիչ Զախարյանը նախարար է նշանակվել, Արգիշտիին էլ իր հետ է տարել։ Նրան ճանաչողները պատմում են, որ ժամանակին երիտկարիերիստը երազում էր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնել, բայց այսօր նրա մասին անունով է խոսում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder