ՄԱԿ-ից պահանջում ենք անվավեր ճանաչել Ադրբեջանի կողմից գնված եզրակացությունը, որի մեջ արյուն կա. Իրավապաշտպան
Քաղաքական
13:16 14/10/2025
Հայաստան

ՄԱԿ-ից պահանջում ենք անվավեր ճանաչել Ադրբեջանի կողմից գնված եզրակացությունը, որի մեջ արյուն կա. Իրավապաշտպան

«Ես պահանջ ու վրդովմունք ունեմ՝ ուղղված ՄԱԿ-ին։  Մենք այստեղ ենք, որ ասենք մեր աչքերը բաց են և ձեր բոլոր մեղքերը մեր աչքի առաջ եք իրականացնում»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Հայաստանի առաջին ՄԻՊ, իրավապաշտպան, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Լարիսա Ալավերդյանը։

Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական ​​կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝  բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն  իր փորձագիտական ​​կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

«Կարծեք թե ՄԱԿ-ում մեզ Ճ կլասի ժողովրդի տեղ են դրել։ Ինչ է, կարծում եք ՄԱԿ-ում չգիտե՞ն, թե ում են նշանակել հանձնաժողովի անդամ։ Նրանք բոլորի համար այնպիսի հաստ թղթապանակներ ունեն, որտեղ կա, թե այդ մարդիկ ինչ մանկապարտեզ են գնացել։ Հենց դիտավորյալ է դա արված, ավելին, ես հիմնավոր կասկած ունեմ, որ Հայաստանի իշխանությունները գիտեին այդ մասին ու համաձայն էին դրան»,-ասաց Լ. Ալավերդյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանի գործող իշխանությունները չեն ծառայում հայ ժողովրդին, ավելին սպասարկում են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպանությանը։

«Մենք այստեղ եկել ենք ոչ թե այն ակնկալիքով, որ վաղը ՄԱԿ-ը կազատվի կոռուպցիայի մեջ խրված վիճակից, այլ ասում ենք, որ նախ և առաջ պետք է չեղարկեք այդ գնված եզրակացությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ, ապա պարտավոր եք նոր խումբ ձևավորել»,-ասաց իրավապաշտպանն ու շնորհակալություն հայտնեց Լուիս Մորենո Օկամպոյին, որը հետևողական կերպով ցանկանում է բարձր պահել միջազգային իրավունքի հեղինակությունը։

Ալավերդյանի գնահատմամբ, միջազգային իրավունքը հիմա դարձրել են ոտքի փալաս, օգտագործում են իրենց ամենապղտոր նպատակներին հասնելու համար։

«Մեր պահանջն է չեղարկել այդ գնված եզրակացությունը։ Մարդկանց արյուն կա այդ եզրակացության մեջ։ Պետք է նշանակեն նոր խումբ, որը կտա ճիշտ եզրակացություն։ Այն, որ այդ եզրակացությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին, պարզ է, բայց նաև չի համապատասխանում իրականությանը։ Ամոթ ՄԱԿ-ին, որ փորձում է  հինավուրց ազգերից մեկին՝ հայերին դարձնի այսպես ասած խաղալիք իր ձեռքում։ Չենք լինելու խաղալիք իրենց ձեռքում»,-ասաց Լ. Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder