Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղբանտարկյալների խնդիրը պետք է դառնա ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգի մաս. Իրավապաշտպան
Հայաստանում մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների իրավունքների, խնդիրների մասին բարձրաձայնելու, դրանց համալիր լուծումներ առաջարկելու ու տալու համար իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ որոշակի համամասնությամբ ներկայացված կլինեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, որոնք ընդգրկված չեն որևէ քաղաքական ուժի կազմում։
«Հիմա գաղափարի գեներացման փուլում ենք։ Այս նախանախընտրական շրջանն ամենակարևոր, ամենարդյունավետ ժամանակահատվածն է գաղափարը կյանքի կոչելու համար, քանի որ քաղաքական ուժերի մոտ ավարտվում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացը։ Ավելի ուշ փուլերում օրակարգն ամոբղջությամբ հագեցած է լինելու քաղաքական բնույթի հարցերով։ Հույս ունեմ, 1-2 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա ավարտ մենք կկարողանանք այս գաղափարը կյանքի կոչել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Իրավապաշտպանի խոսքով, ստեղծվելիք հանձնաժողովը պետք է աշխատանքներն իրականացնի չորս ուղղություններով՝ իրավական, այսինքն, կազմվեն փաստաթղթեր, զեկույցներ, սահմանվեն քաղբանտարկյալ լինելու հիմնավորումները, միջազգային, երբ այդ կառույցներին, կազմակերպություններին ներկայացվեն կազմված զեկույցները, պատկերավոր ասած՝ բոլոր դռները ծեծելը, դռներից ներս մտնելը, ամեն կերպ խնդրի մասին բարձրաձայնելը, հանրության հետ կապերը, երբ հանրության, ԶԼՄ-ների հետ տարվի հետևողական աշխատանք, ներկայացվեն խնդիրները, բացատրեն, թե ինչու է տվյալ մարդը քաղբանտարկյալ և սոցիալական ուղղությունը, քանի որ քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկվող մարդկանց ընտանիքներում բազմաթիվ սոցիալական խնդիրներ են առաջանում, պետք է դրանց մասին բարձրաձայնել, դրանց ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Մելիքյանը գաղափարի վերաբերյալ այս պահին բուռն արձագանքներ չի ակնկալում։ Հիմա հինգ իրավապաշտպաներ հաճախ քննարկում են անելիքները, միջոցները, որոնց օգնությամբ պետք է կյանքի կոչվեն նպատակները։
Ե՞րբ հասկացավ իրավապաշտպանը, որ քաղբանտարկյալների խնդիրը պետք է դառնա քաղաքական ուժերի օրակարգի մաս, քաղբանտարկյալների թվի ա՞ճը, թե՞ մեղադրանքների բնույթը հուշեցին, որ փաստաբանների ջանքներն այլևս բավարար չեն։
«Մեզ մոտ այս պահին կարծեք թե փոխվում է իշխանությունների քաղաքական ռեպրեսիաների տրամաբանությունը։ Հատկապես Միքայել Սրբազանի նկատմամբ այս սրընթաց քաղաքական հետապնդման դատավճռի վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանություններն էապես ցածրացրել են քաղաքական հետապնդումների չափանիշը, և ըստ էության, պատրաստ են այն կիրառել ցանկացած մարդու նկատմամաբ նույնիսկ ամենափոքր վտանգի դեպքում։ Երկրորդ, մենք հասկացանք, որ միջազգային կառույցների հետ մեր աշխատանքը չի կարող բարձր արդյունավետություն ունենալ, ավելի համակարգված ջանքեր են պետք։ Եվ երրորդ, շուտով նախընտրական շրջան, քաղաքական ուժերը գտնվելու են ակտիվության շրջանում, մենք էլ, եթե կարելի է այսպես ասել, օգտագործենք այդ առիթը, որպեսզի այդ ակտիվության որոշակի չափաբաժին էլ բաժին հասնի քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց»,-ասաց իրավապաշտպանը։
Նա ընդգծեց՝ իշխանությունների այն թեզը, սըտ որի քաղբանտարկյալ համարվում է հետապնդման ենթարկվող այն անձը, որը զբաղվում է քաղաքականությամբ, կեղծ է։
«Իշխանություններին ինչ-որ առումով հաջողվում է իրենց կեղծ թեզը մարդկանց գլուխնեը մտցնել։ Ոչ թե անձի գործունեությունն է այստեղ էական, այլ այն, որ անձի նկատմամաբ հետապնդումն իրականացվում է քաղաքական պատճառով։ Կոնկրետ Միքայել Սրբազանի դեմ իրականացվող հետապնդման նպատակը եկեղեցու դեմ պայքարն է, որը հռչակված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միքայել Սրբազանը, լինելով մեծ հեղինակություն ու բարձրաստիճան հոգևորական, բնական է, կարող է ընկալվել, որ նա ազատության մեջ լինելով, կարող է որոշակի կերպով խոչընդոտել այդ պայքարին։ Պարզագույն քաղաքական նպատակ է, նրանք անթաքույց կերպով մտադիր են հարձակում գործել եկեղեցու նկատմամբ, և եկեղեցու պաշտպաններից մեկին չեզոքացնում են։ Սրանից ավելի քաղաքական նպատակ չի լինում»,-ասաց Ռ. Մելիքյանը՝ ընդգծելով, որ Միքայել Սրբազանի նկատմամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում, վերջին 2-3 տարվա ընթացքում ինքը չի գտել մի դեպք, երբ 60 անց մարդը միջին ծանրության արարքի համար դատապարտվել է ազատազրկման։
Հարցազրույցի մանրամասները՝ ձայնագրությամբ։