Հայաստանի չորս քաղաքներում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Մշակույթ
17:09 14/10/2025
Հայաստան

Հայաստանի չորս քաղաքներում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։
 
Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։
 
Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։
 
Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։
 
Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder