Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էս մարդն ամեն օր հեծանիվ է քշում, սրտիկ է անում, կհասցնի՞ զբաղվել բեռնափոխադրողների խնդրով. Վարորդները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Կառավարության շենքի դիմաց այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում բեռնափոխադրում իրականացնող վարորդները։ Նրանք պահանջում են ավելացնել դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների համար ՌԴ օրենքով սահմանված 90 օրը և սահմանել 180 օր, քանի որ լինում են դեպքեր, երբ այդ ժամկետում չեն հասցնում։ Դրա հետևանքով վարորդները տուգանվում են, շատ դեպքերում էլ զրկվում այլ երկիր մուտք գործելու հնարավորությունից։
Այսօր առավոտյան Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևևորգ Պապոյանը հանդիպել է վարորդների հետ, ասել է՝ այդ խնդրով զբաղվում են։
«Ֆուռ քշելը հեշտ բան չէ։ Եթե այսքան վարորդի դեպորտ անեն, Հայաստանն էլ վարորդ չունենա, թող իրենք իջնեն հեծանիվի տեղը թող ֆուռ քշեն։ Տեսնեմ՝ կարա՞ն քշեն։ Բոլորիս հացը կտրեցին, կարա՞ն ֆուռը քշեն, էդ բուտկի մեջ 5 օր քնեն»,-բողոքեց վարորդներից մեկը։
Մեկ ուրիշ վարորդ էլ մանրամասնեց՝ մարդիկ օրեր շարունակ մնացել են Լարսի անցակետում, ինչի հետևանքով 10-15 օր ժամանակ են տվել ՌԴ տարածքը լքելու համար։
«Մենք չենք իմացել, որ օրենքով կրճատել են այդ ժամանակահատվածը։ Նույն խնդրի առաջ կանգնած են ավտոբուսների վարորդները»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
Նրանց տեղեկություններով, երեկվա ընթացքում մոտ 30 վարորդի 3-5 տարով զրկել են ՌԴ մուտք գործելու իրավունքից։
«Սա ոչ միայն խնդիրներ է ստեղծելու մեր աշխատանքի հետ կապված, այլ տարրական սննդի հետ կապված։ Հայաստանը հայտնվելու է բլոկադայի մեջ, հաց չի լինելու, կոշիկ չի լինելու, հագուստ չի լինելու։ Սա երկրի անվտանգության հարցն է»,-խնդրի հնարավոր հետևանքները նշեց վարորդը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ կառավարությունում խնդրին տեղյակ են, սակայն դրանց լուծման ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ չի հավատում, որ կառավարությունը կկարողանա խնդիրը լուծել։
«Ամենամեծ գործիքակազմն ունի կառավարությունն իր գերատեսչություններով։ Ընդդիմադիր պատգամավորները կարող են հարցը բարձրաձայնել, քանիր որ մեր լիազորությունները սահմանափակ են։ Հաջորդ քառօրյայի ընթացքում սա լինելու է ԱԺ նստաշրջանի օրակարգի թիվ մեկ հարցը։ Կառավարությունը չպետք է թույլ տա, որ խնդիրը հասնի այս փուլին, պետք է լուծեն, ոչ թե սելֆի անեն, գան։ առավոտից իրիկուն էս մարդը հեծանիվ է քշում, սրտիկ է անում, եկեղեցու դեմ արշավ է անում։ Այս պարագայում ժամանակը կների՞, որ զբաղվի այս խնդիրներով»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Դանիելյանի խոսքով, եթե խնդիրը չլուծվի, ապա կհետևի թանկացում, խնդիրներ ոչ միայն ներմուծման, այլև արտահանման դեպքում։