Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը. ԱԳՆ
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը է, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների, Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար»,-հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ հոկտեմբերի 16-ին Կամպալայում ելույթ ունենալով Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը:
Հայաստանցի դիվանագետն ընդգծել է՝ պետք է վճռական լինենք` մերժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Կամպալայի հռչակագրի և, ընդհանուր առմամբ, Չմիավորման շարժման օրակարգի առանցքային թեմաներից է Պաղեստինի հարցը։ Այս համատեքստում Հայաստանը շարունակաբար ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից:
Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը:
Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է` բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար»,-նշել է նա։