«Ժողովուրդ». Սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը
Օրվա մամուլ
08:39 17/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը, ըստ ամենայնի, միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական և իրավապահ մարմիններին՝ հետևել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի աջակիցներին։

Հրահանգի տրամաբանությունը պարզ է. հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին՝ «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։

Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։

Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում։ Եվ, ինչպես պարզ է դառնում, առաջիկայում մենք ականատես կլինենք դրա նոր դրսևորումներին։ Կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև իրավապահ համակարգին քննադատողները։

Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում: Կոչուբաևի գործը, փաստորեն, դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder