«Հրապարակ». ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրե՞լ է իր սխալ եզրակացությամբ
Օրվա մամուլ
08:38 17/10/2025
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրե՞լ է իր սխալ եզրակացությամբ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թվում էր` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է. զեկույցը «ժամկետանց» լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին՝ լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։

Հանձնաժողովականների մեծ մասը և զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել և ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է՝ իր սխալ եզրակացությամբ: Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը ևս հանձնաժողովի գործունեությունից մոտ մեկ տարի անց դրվեց քննարկման՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե՛ ԱԺ կանոնակարգ օրենքի, թե՛ Սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այս հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով, գլխադասային՝ Պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրև քննիչ հանձնաժողով, և քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը, հետևաբար՝ նաև զեկույցը, շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը:

Բացի այդ՝ զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաև ԱԺ նախագահն է Վարդանյանի եզրակացությունն ուղարկել Նիկոլ Փաշինյանին: Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից և ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին՝ հույսով, որ, ի վերջո, հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները, և այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման՝ հերքելով նաև այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել՝ այն լայն քննարկման չդնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder