Երևան համայնքն իր հողը՝ այգու տարածքը, վերադրաձնում է իրեն. Քաղաքապետարանը՝ Սարյանի պուրակի քանդված սրճարանի վերաբերյալ
Իրավունք
16:42 17/10/2025
Հայաստան

Երևան համայնքն իր հողը՝ այգու տարածքը, վերադրաձնում է իրեն. Քաղաքապետարանը՝ Սարյանի պուրակի քանդված սրճարանի վերաբերյալ

Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները, առանց սեփականատիրոջը զգուշացնելու, քանդել են Սարյան պուրակում «Կոլորիտ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանը, որը գործել է 1996թ.-ից։ Սեփականատեր Նարինե Վարդանյանը Panorama.am-ին հայտնեց, որ սրճարանի հարցը գտնվում էր դատարանում և իրավունք չունեին քանդել, իսկ իրենց չեն էլ ծանուցել քանդման մասին։

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարանին, որտեղից պատասխանեցին.

«Սարյանի պուրակի այդ շինությունները ժամանակին կառուցվել են համայնքին պատկանող հողի վրա։ Ավելին՝ կառուցվել են  առանց շինթույլտվության և հիմա Երևան համայնքն իր հողը՝ այգու տարածքը վերադրաձնում է իրեն։ Այդ հատվածում պետք է կանաչապատում իրականացվի և այգին ծառայի երևանցիներին, նաև այդ հատվածով։

Panorama.am-ի հարցին, որ դատական գործընթաց էր գնում և արդյո՞ք կարելի էր առանց դատական վճռի քանդել սրճարանը՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ դատական գործով հայցի ապահովման միջոց կամ որևէ սահմանափակում կիրառված չէ։

Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սեփականատերը դիմել էր վարձակալության իրավունքը երկարացնելու համար, սակայն մերժվել՝ համայնքապատկան հողի վրա ապօրինի շինություն կառուցելու հիմքով, ինչը ենթադրում է, որ սրճարանը պետք է տեղափոխվեր, իսկ օրենքով այդ գործողության մասին ծանուցումը պարտադիր չէ։

Մեզ ներկայացված քաղաքապետարանի որոշամ վերջնամասում մասնավորապես ասվում է.

«Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման: Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Չօրինականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զորյան փողոց հ.1/1 հասցեում Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունները:

2. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել (ապամոնտաժել) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զորյան փողոց հ.1/1 հասցեում Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինություններն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

4.Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից:

5.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

7. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder