Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պատմության թանգարանը թաքցնում է արձանի վնասման հանգամանքներն ու վերանորոգողին տրվելիք գումարի չափը
Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանի մասին Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի ահազանգից հետո Panoarama.am-ը Պատմության թանգարանից հետաքրքրվեց, թե ինչի հետևանքով է վնասվել արձանը, ո՞ւմ է հանձնվել այն վերանորոգման և ի՞նչ պայմաններով։ Թանգարանից հարցերին բանավոր չպատասխանեցին՝ պահանջելով գրավոր հարցում։
Panorama.am-ը թանգարանի էլ. փոստի միջոցով թանգարանի տնօրինությանն ուղղեց հետևյալ հարցերը.
1. Ինչի՞ հետևանքով ու ե՞րբ է վնասվել Գագիկ թագավորի կավե արձանը։
2. Ո՞ւմ կամ ո՞ր ընկերությանն է վստահված արձանի վերանորոգումը։ Ինչպե՞ս է ընտրվել վերանորոգող ընկերությունը կամ անհատը։
3. Ինչքա՞ն գումար է հատկացվել հիշյալ վերանորոգման համար։ Ե՞րբ է նախատեսված աշխատանքների ավարտը։ Խնդրում եմ տրամադրել այդ ընկերության հետ վերանորոգման պայմանագրի պատճենը։
4. Ի՞նչ միջոցներից է տրամադրվելու գումարը։
5. Այս պահին թանգարանին պատկանող քանի՞ արձան է գտնվում վերանորոգման փուլում։ Ո՞ր արձաններն են։
6. Խնդրում ենք նաև տրամադրել հնարավորություն այցելել ու լուսանկարել վնասված արձանների վերանորոգման ընթացքը։
Հարցումից 3 ժամ անց խմբագրություն զանգահարում են թանգարանից ու հայտնում՝ քիչ անց Հայաստանի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում կտեղադրվի հայտարարություն արձանի վերաբերյալ։ Մենք պահանջեցինք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանել Panorama.am-ի հարցերին։ Մինչ հարցերին պատասխանելը թանգարանը հրապարակել է հայտարարություն։ Ինչպես և սպասվում էր, տարածած հայտարարության մեջ չկան խմբագրության հարցերի պատասխանները։ Մասնավորապես, թանգարանը չի հստակեցրել ու թաքցրել է, թե ինչի հետևանքով է վնասվել արձանը, չի համաձայնել վնասված արձանը լուսանկարելու հնարավորություն տալ, չի հայտնել, թե ինչպես է ընտրվել արձանի վերանորոգողը և ի վերջո, ինչքա՞ն գումար է տրամադրվելու վերանորոգման համար։
«Հայաստանի պատմության թանգարանի մուտքի հատվածում տեղադրված Գագիկ 1-ին արքայի արձանի գիպսե կրկնօրինակը, որը 1993 թվականին վերարտադրվել է քանդակագործ Հրաչ Գալստյանի կողմից, սույն թվականի սեպտեմբեր ամսին տեղափոխվել է վերականգնման լաբորատորիա։
Նշված աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիպսե արձանի վերջին կոսմետիկ վերականգնողական աշխատանքներն իրականացվել էին դեռևս 2010-ական թվականներին, և ժամանակի ընթացքում՝ միջավայրի ազդեցության հետևանքով, արձանը կրկին ենթարկվել է կառուցվածքային և արտաքին փոփոխությունների։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ որոշում է կայացվել արձանը ուղարկել վերականգնման՝ այն պատշաճ կերպով պահպանելու և նախնական տեսքը հնարավորինս վերականգնելու նպատակով։ Աշխատանքները իրականացվում են Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման խորհրդի քննարկումների և խորհրդատվության հիման վրա։ Վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի նոյեմբերին, որից հետո արձանը կվերատեղադրվի նույն տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց»,-ասված է թանգարանի հայտարարության մեջ։