Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ի՞նչ է պահանջելու Պուտինը, ինչին է համաձայնելու Զելենսկին, ի՞նչ է կարողանալու «մերձեցնել» Թրամփը, Քաղաքական վերլուծաբան
«Սպիտակ տանը Թրամպ-Զելենսկի հանդիպմանն ըստ երեւույթին քննարկվել է ներկայիս ռազմաճակատային գծով կրակը դադարեցնելու հարցը: Համենայն դեպս այդպես է հնարավոր եզրակացնել հանդիպումից հետո թե Թրամպի, թե Զելենսկու հայտարարություններից: Ավելին, հանդիպումից հետո Սպիտակ տան մերձակա պուրակում Զելենսկու ճեպազրույցի ընթացքում նա կարծես թե ուղիղ տեքստով հայտարարեց, որ համաձայն է առկա ռազմաճակատային գծով հրադադարին»,-գրում է քաղաքաան վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Այս առնչությամբ սակայն, կասկածից վեր է, որ համաձայնությունը չի կարող ներառել միայն դա: Հետեւաբար, առանցքային հարցն այն է, թե ինչպիսի՞ն են լինելու հրադադարի պայմանները, ի՞նչ է պահանջելու Պուտինը, ինչին է համաձայնելու Զելենսկին, ի՞նչ է կարողանալու «մերձեցնել» Թրամպը:
Այս առնչությամբ, հետ գնանք հանդիպման նախօրե, երբ տեղի ունեցավ Պուտին-Թրամպ հեռախոսազրույց: Դրանում քննարկված երկու հանգամանք կա՝ ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերություններ, եւ մյուսը, որ Պուտինը Թրամպին հայտնել է ռազմաճակատի ամբողջ երկայնքով ռուսական զինուժի՝ դրության տեր լինելու մասին: Սա ասել էր Ուշակովը, խոսելով Թրամպի հետ Պուտինի հեռախոսազրույցի մասին:
Հետեւաբար, պետք է ենթադրել, որ Մոսկվան ռազմաճակատի գծով հրադադարի համար ակնկալելու է թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական որոշակի գին՝ հավելյալ պայմանների տեսքով:
Այստեղ հարցը միայն Զելենսկու համաձայնությունը չէ, այլ նաեւ՝ Եվրոպայի: Արդեն այսօր նա խոսել է եվրոպացի առաջնորդների հետ, իսկ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտնել է, որ պետք է մշակել ուկրաինական կարգավորման պլան, ինչպիսին Թրամպն էր մշակել Գազայի հարցում:
Ըստ իս, Բրիտանիայի վարչապետի հայտարարության տողատակում թերեւս այն է, որ ուկրաինական ուղղությամբ հրադադարը Թրամպի պլանը չէ: Նա գուցե նկատի ունի, որ հրադադարը Պուտինի պլանով է, որը պետք է խաթարել:
Ըստ էության, մինչեւ հիմա Եվրոպային դա հաջողվել է: Կստացվի՞ այս անգամ էլ, թե՞ հանգամանքը, որ Պուտինն ու Թրամպը այս անգամ հանդիպում են հենց Եվրամիության տարածքում՝ Բուդապեշտում, եվրոպական արգելքը հաղթահարելու նշան է»։