ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց
Իրավունք
17:21 20/10/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց

Panorama.am-ն այս պահին ուղիղ կապ է ապահովում Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Մոսկովյան փողոցում տեղակայված շենքից։ Քիչ անց այստեղ կբերեն Գյումրու՝ ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Այստեղ մեծաթիվ ոստիկաններ կան, Երևան են հասել նաև Վարդան Ղուկասյանի կողմնակիցները։ Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտե եկավ Շտապ օգնության մեքենա, բժիշկները ներս մտան։ Թե ում համար է կանչը, նրանք չմանրամասնեցին։



Այսօր վաղ առավոտից ԱԱԾ տասնյակ զինված, դիմակավորված աշխատակիցներ մտել էին Գյումրու քաղաքապետարանի շենք՝ քննչական գործողություններ իրականացնելու։ Այս մասին հայտնի դառնալուց քիչ անց Գումրու քաղաքապետարանի դիմաց մեծ թվով գյումրեցիներ հավաքվեցին ի պաշտպանություն Ղուկասյանի։

 Ի պատասխան սրա, Գյումրու քաղաքապետարանի շրջակայք բերվեցին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մեծ թվով  աշխատակիցեր։ Գյումրի եկան նաև փոխոստիկանապետեր Վարդան Վարդանյանը, Արթուր Խուդինյանը, Կարեն Հակոբյանը։

Քննչական գործողությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում են նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

Մի քանի ժամ տևած լարված իրավիճակից, քաշքշուկներից, գործողություններից հետո Վարդան Ղուկասյանին իրավապահները վազելով դուրս բերեցին շենքի հետևի՝ անբարեկարգ մուտքից։

Քիչ առաջ ՔԿ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, ըստ որի քաղաքապետարանի դիմաց հավաքի մասնակիցներից մի քանիսի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, քանի որ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։  ՆԳՆ տեղեկություններով, այս պահին կա բերման ենթարկված 23 անձ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ահազանգել էր իր ու իր ընտանիքի անդամների  դեմ իրականացվող հետապնդումների մասին։ Նա դիմել էր նաև ընտրողներին.

«Դիմում եմ իմ ընտրողներին, ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ, գիտեք իմ բնավորությունը, ինչքան  նման բաներ անեն, մենք կդառնանք ավելի համարձակ։ Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում։ Պետք է, որ ինձ հետ կապի մեջ լինեք, որևէ ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք։ Հենց ձեզ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը։ Հակադեմոկրտական պահվածքն ինձ ստիպում է, որ ես դրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ օրենքի սահմաններում միանշանակ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց