Ձեռքին՝ հայերեն դաջվածք. իտալացի հռչակավոր երգիչ Վիտտորիո Գրիգոլոն ելույթ կունենա Երևանում
Մշակույթ
15:45 20/10/2025
Հայաստան

Ձեռքին՝ հայերեն դաջվածք. իտալացի հռչակավոր երգիչ Վիտտորիո Գրիգոլոն ելույթ կունենա Երևանում

Հոկտեմբերի 21-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա իտալացի հայտնի երգիչ Վիտտորիո Գրիգոլոյի բացառիկ մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի ու Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։  Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգի նախաձեռնողն է բժիշկ, մշակութային, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը։

«Վստահ եմ, որ այս համերգը լինելու է  նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի կուլմինացիոն կետերից մեկը, քանի որ ամենաերևելի արտիրստներից մեկն է ելույթ ունենալու Հայաստանում»,- ասուլիսում ասաց  Վահան Վարդապետյանըը։

Վիտտորիո Գրիգոլոն ասաց, որ այսօր առաջին անգամ է տեսնում մաեստրո Թոփչյանին։ Նա նաև նշեց, որ Հայաստանը շատ մոտ է իր սրտին. «Շատ չբացեմ փակագծերը, չարտահայտվեմ, թե ինչ եմ զգում ձեր երկրի նկատմամբ։ Ես մի մաս ունեմ Հայաստանից»։

Նա նշեց, որ իր ձեռքին հայարեն դաջվածք ունի. «Ես սեր տեսա առաջին անգամ և հասկացա, որ դու միակն ես...»։ 

Երգիչը չթողեց շարունակությունը կարդալ՝ նշելով. «Բավական է այսքանը»։ 

Իտալացի երգիչը նշեց, որ հիացած է հայկական ազգային երաժշտությամբ։

«Շատ եմ սիրում դուդուկի հնչյունները, լսել եմ «Դլե Յաման»-ը։ Շատ կարևոր է իմանալ այն երկրի պատմությունը, մշակույթը, որի երաժշտությունը լսում ես, ուր այցելում ես։ Ես դասական երաժշտության կատարող եմ, բայց պետք է իմանալ նաև ժամանակակից ուղղությունները»,- ասաց Վիտտորիո Գրիգոլոն։ 

Նա փոքրիկ հատված կատարեց Ռազմիկ Ամյանի «Սիրեմ քեզ լիանամ» երգից։ 

Վիտտորիո Գրիգոլոյի համերգներն անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում, հարյուր հազարանոց մարզադաշտերում, ամֆիթատրոններում ու աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Նա հանդես է եկել փոփ, ռոք, ջազ, օպերային լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի, Լուչանո Պավարոտիի և այլոց հետ։

Հանդիսատեսին սպասվում է ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից  ու դասական երգերի և մեղեդիների ունկնդրում և աննկարագրելի վայելք՝ Volare, My Way, Arivederci Roma, Կարուզո, համերգը կեզրափակվի Կավարադոսիի հայտնի արիայի և Queen ռոք խմբի The Show Must Go On երգով:

Գրիգոլոն տենորի գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի Լա սկալայից մինչև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն: Նրա խաղընկերներն են եղել նաև այնպիսի հայ անվանի օպերային երգիչներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը: 

Մեծ հաջողության են արժացել նաև Գրիգոլոյի ձայնագրությունները՝ Բերնսթային «Վեսթսայդյան պատմություն» ոսկյա և պլատինե դեբյուտային ալբոմով նա առաջադրվել  է «Գրեմմի»-ի, մեծ միջազգային արձագանք ու ճանաչում ունենա նաև  Sony Classical-ի հետ ձայնագրած մի շարք ձայնասկավառակներ, որոնք առաջին հորիզոնականներն են գրավում դասական ալբոմների վարկանիշային աղյուսակներում:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեռքին՝ հայերեն դաջվածք. իտալացի հռչակավոր երգիչ Վիտտորիո Գրիգոլոն ելույթ կունենա Երևանում