«Հրապարակ». Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը քաղաքացուն ծեծելու համար հայտնվել է սկանդալի կենտրոնում
Օրվա մամուլ
08:12 21/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը քաղաքացուն ծեծելու համար հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանը լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել: Այնպես, որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ Համայնքապետարան այցի նպատակը եղել է նրա ջրի հետ կապված խնդիրը, սակայն «արժանացել» է ՔՊ-ական ղեկավարի ծեծին ու հայհոյանքներին։

Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին ասում են՝ փաստաթղթերը Քննչական կոմիտե են փոխանցել, իսկ Քննչական կոմիտեն, պարզվում է, դեռ ոչինչ չի արել: Մեր հարցին ի պատասխան հայտնեցին, թե նյութերը ՆԳՆ-ից ստացել են, սակայն չեն նախաձեռնել քրեական վարույթ, քանի որ մասնավոր գանգատի հարց է դա, և իրենք չունեն քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն․ եթե կողմը ցանկանում է, կարող է դիմել դատարան։ Իսկ ի՞նչ պետք է ասի քաղաքացին դատարանին, որ իրեն Սպիտակի ղեկավարը ծեծել է և հայհոյե՞լ: Բայց չէ՞ որ սա քաղաքացիաիրավական հարաբերությունների հարց չէ, այլ՝ քրեական հանցանք, որը Քննչական կոմիտեն պարտավոր է քննել, հանգամանքները բացահայտել։ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանն այնքան է ձուլվել իշխող կուսակցությանը, որ նրա ղեկավարած կառույցը բացառապես զբաղված է հոգևորականների, փաստաբանների և ընդդիմադիրների դեմ քաղաքական հետապնդումներ իրականացնելով, իսկ ՔՊ-ականի կողմից քաղաքացուն ծեծելու դեպքով զբաղվելու ցանկություն չունեն։

Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը, որը մեր զրույցի ընթացքում, պարզվեց, «ՔՊ-ականից ավելի ՔՊ-ական է», Քաջայր Նիկողոսյանին առավ իր պաշտպանության տակ: Նա մեզ ասաց` Նիկողոսյանը չէր կարող այդպիսի բան անել, սուտ է, Նիկողոսյանի պես մարդիկ ծնվում են հազար, իսկ Նիկոլ Փաշինյանի պես մարդիկ՝ 20 հազար տարին մեկ․ «Քաղաքապետն իրեն չի ծեծել, իրեն ոչինչ չի ասել, Գագիկն ասում ա՝ ոչ մի բան էլ չի եղել, ես կգնամ, ներողություն կխնդրեմ…»։»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder