Առաջարկով դիմել ենք ՌԴ-ին, հարցը կքննարկվի ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստում. Պապոյան
Տնտեսություն
13:08 21/10/2025
Հայաստան

Առաջարկով դիմել ենք ՌԴ-ին, հարցը կքննարկվի ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստում. Պապոյան

«Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ առաջարկելով օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստանում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով»,-  ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նրա, նախնական ունեն դրական արձագանք. «Ռուսաստանի գործընկերները  համաձայնել են մեր մտահոգությունների հետ և, իմ  տեղեկություններով, արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»:

Պապոյանը նշեց, որ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ նիստում հոկտեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ օրենսդրական նոր կարգավորումից՝ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումից, որով սեպտեմբերի 10–ից ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր։ Ըստ վարորդների, այդ կետը չպետք է վերաբերվի բեռնափոխադրում և ուղևորներ փոխաադրող վարորդներին։

Վարորդները պահանջում են հասնել այնպիսի փոփոխության, որ 90 օրը դառնա 180 օր, քանի որ լինում են դեպքեր, երբ այդ ժամկետում չեն հասցնում։ Դրա հետևանքով վարորդները տուգանվում են, շատ դեպքերում էլ զրկվում այլ երկիր մուտք գործելու հնարավորությունից։

Բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց, իսկ նախօրեին բողոքի ակցիա էին արել հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում՝ հրավիրելով խնդրի վրա ուշադրություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder