Եկեղեցուց հեռացված որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է. Էդգար Ղազարյան
Հասարակություն
22:01 21/10/2025
Հայաստան

Եկեղեցուց հեռացված որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է. Էդգար Ղազարյան

«Հովհաննավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է։ Այն կարող է տնօրինվել միայն դրա օրինական սեփականատիրոջ կողմից։ Այլ անձանց, այդ թվում եկեղեցուց հեռացված, որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է»,- նշել է հասարակական գործիչ Էսգար Ղազարյանը։ 

Ըստ նրա, եկեղեցում կիրակի օրը պատարագ կարող են մատուցել միայն դրա իրավունքն ունեցող հոգևորականները։

«ՀՀ քրեական օրենսգիրքը հանցանք է որակում կրոնական արարողությունների միջամտելը, դրանք խափանելն ու խոչընդոտելը։ Սադրանք հրահրելն էլ մեկ այլ հանցագործություն է։

Իրավապաշտպան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս պահին ենթադրյալ երկու հանցագործների` Ստեփան Ասատրյանի և Նիկոլ Փաշինյանի գործողությունների և հայտարարությունների վրա»,- գրել է Է.Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարել էր, որ այսօր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Ի պատասխան Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ կիրակի պատրաստվում է պատարագ մատուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցուց հեռացված որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է. Էդգար Ղազարյան