Թատրոնից պետք է կառչել, թատրոնը չպետք է մենակ թողնել. ռեժիսոր Դավիթ Հարությունյան
Մշակույթ
09:55 22/10/2025
Հայաստան

Թատրոնից պետք է կառչել, թատրոնը չպետք է մենակ թողնել. ռեժիսոր Դավիթ Հարությունյան

Գորիսի պետական դրամատիկական թատրոնը բացվել է 89-րդ թատերաշրջանը։ Նոր թատերաշրջանը մեկնարկել է թատրոնի նոր ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ՝ ըստ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի՝ «Աբու Լալա Մահարին» ներկայացմամբ։

Դավիթ Հարությունյանը իր ելույթում նշել է․ «Թատրոնից պետք է կառչել։ Թատրոնը չպետք է մենակ թողնել, այն մեր հոգևոր կյանքի կարևորագույն օջախներից մեկն է»։

Թատրոնից նկարագրում են՝ ներկայացումը աչքի է ընկնում բեմադրական հետաքրքիր լուծումներով, երաժշտական ձևավորմամբ և դերասանների հուզական խաղով։

Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի տնօրեն, Ակսել Բակունցի տուն-թանգարանի գիտաշխատող  Թեհմինա Մարությանը ներկայացման մասին գրել է. ««Աբու-Լալա Մահարին» բեմականացնելը իսկապես համարձակ ու բարդ քայլ է՝ հատկապես հաշվի առնելով, որ պոեմը ավելի շատ փիլիսոփայական մտքի հոսք է, քան սյուժետային ստեղծագործություն։ Այստեղ կարևորվում են ոչ թե գործողությունները, այլ մենախոսությունը, ներքին ազատության և հոգևոր անապատի գաղափարները։

Նման նյութի բեմականացումը հաջող է լինում, երբ ռեժիսորը գտնում է ձև՝ մտքի շարժումը մարմնավորելու համար.

երբ խոսքը դառնում է շարժում,

լռությունը՝ գործողություն,

իսկ Աբու-Լալայի մենությունը՝ տարածք։

Հենց այստեղ է փորձության տակ դրվում ռեժիսորի մտավոր ու գեղարվեստական խիզախությունը։

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի նոր աշխատանքը՝ Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ, վկայում է այդ խիզախ մտածողության և ձևի փնտրտուքների բարձր մակարդակի մասին։

Երեկ բեմադրության փակ դիտմանն էի՝ որպես գեղարվեստական խորհրդի անդամ, և անկեղծորեն զգացի, որ մեր թատրոնի բեմում հայտնվել է նոր ձեռագիր։

Ամբողջ ներկայացումը կառուցված է լռության, հնչյունի և շարժման նուրբ ու հզոր փոխհարաբերության վրա․ խոսքն այստեղ տեղը զիջում է խորհրդանշական գործողությանը։ Լռությունը դառնում է ասելիք, շարժումը՝ ներքին մենախոսություն, հնչյունները՝ հոգեվիճակի շերտեր։ Հիմնական գաղափարական ուղերձները հնչում են առանց բառերի ծանրության։

Բեմադրությունը կարողացավ փոխանցել պոեմի ներքին երաժշտությունն ու մենության դրաման։

Հրաշալիորեն լուծված էին բանաստեղծական խոսքի և բեմական գործողության հարաբերությունները։

Դերասանների խաղը հասել էր փիլիսոփայական այն լռությանը, որ Իսահակյանի տողերի խորքում է»։ 

Թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանի խոսքով, նոր թատերաշրջանը լինելու է հարուստ և բազմաժանր․ «Ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների գործեր։ Մեր նպատակն է թատրոնը դարձնել ավելի կենդանի ու բաց՝ բոլոր տարիքի հանդիսատեսի համար»։

Գորիսի թատրոնը, շարունակելով իր երկարամյա և հարուստ ավանդույթները, մնում է քաղաքի մշակութային կյանքի կարևոր օջախներից մեկը՝ մի վայր, որտեղ արվեստը ոչ միայն ներկայացվում է, այլև ձևավորում է մտածողություն, հոգևոր արժեքներ և քաղաքացիական գիտակցություն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder