Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանն այլևս արդեն անցել է այն կետը, որ հնարավոր է վերադառնալ նախկին բարքերին. Արմեն Մինասյան
«Իշխանության դիմադրության նախադրյալներ միշտ կան, այլ հարց է, թե ինչպես դա կօգտագործեն քաղաքական կյանքի մասնակիցները՝ հիմնականում կուսակցությունները կամ այն սուբյեկտները, որոնք օրվա կառավարության ընդդիմությունն են։ Կան և նախադրյալներ, և գործիքներ, և առիթներ, պատճառների մասին էլ արդեն չեմ խոսում»,-Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նրա խոսքով, այս առումով պետք է լինել լավատես, քանի որ թվացյալ դատարկ տեղը կարող է լինել զանգվածային դիմադրություն կամ պետաիրավական ընթացակարգի շրջանակում լուրջ դիմադրության պրոցես ձևավորվել ու ընթանալ։ Այլ հարց է, թե ինչպես հասարակության տարբեր սեգմենտներ կհամախբվեն դրա շուրջ։
«Համախմբողները... Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը պետք է երկնքից իջնի՝ սպիտակ ձիու վրա նստած գա ու սկսի համախմբել։ Մենք տեսանք, որ դա չի ստացվում։ Այսօր էլ կա շարժում, գուցե ինչ-որ պահի փափագում էին, դրսից մի անարատ հայ գա, որ դրսում ունեցել է որոշակի առաջնորդական ձիրք, բիզնես հմտություններ, գա ու մեզ փրկի։ Բայց մենք տեսնում ենք, որ դա էլ չի լինում։ Անցած յոթ տարիների ընթացքում ով ասես փորձել է՝ էլ բարձրաստիճան հոգևորական, էլ սփյուռքահայ գործարար, ամենատարբեր կուսակցական առաջնորդներ, բայց չի ստացվել։ Կնշանակի՝ ինչ-որ բան թերի է, չի ստացվում կոնսոլիդացնել լայն զանգվածների։ Մենք չենք տեսնում զանգվածային լայն կոնսոլիդացիա մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ներքո»,-նշել է Ա. Մինասյանը։
Քաղաքագետն ընդգծել է, որ քարոզչական առումով Նիկոլ Փաշինյանին հաջողվում է թիրախավորված խոցել բոլոր ընդդիմախոսներին, ընդդիմախոսի կարգավիճակում ով էլ հայտնվում է՝ նա արդեն խոցելի վիճակում է, կապում են նախկինների հետ, ագրեսիվ քարոզչություն է իրականացվում նրա դեմ՝ մոռանալով այն խնդիրների մասին, որոնց մեջ այսօր հասարակությունն ապրում է։
Անդրադառնալով նախկիններից անջատ նոր ուժերի ձևավորման մասին հարցին՝ Ա. Մինասյանը հարց է հնչեցրել, ո՞վ է նախկինը, ո՞րն է նախկինի սահմանումը։
«Մենք անընդհատ փորձում ենք անձնավորել։ Ես հիմա հարց եմ տալիս, այսօրվա ընդդիմության շարքերում եղած երիտասարդները նախկի՞ն են, Խաչատուր Սուքիասյանը նախկին չի՞։ Գուրգեն Արսենյանը նախկին չի՞։ Նախկին նախագահներն իրենց առաքելությունը շատ լավ իրականացրել են, գրել են իրենց բաժին պատմությունը, և որոշակի առումով, այո, մտահոգ են այս ժողովրդի, պետության ճակատագրով։ Բայց նախագահն ինքն իրենով նախկին չէ։ Նախկին լինում են ինստիտուտները, բարքերը։ Հայաստանն այլևս անցել է այն կետը, որ հնարավոր է վերադառնալ նախկին բարքերին։ Այն, ինչ հնարավոր էր 1990-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին, այլևս անհնար է։ Կա տեխնոլոգիական առաջընթաց, կա հասարակական, քաղաքական ինստիտուտների կայացվածության որոշակի աստիճան։ Այս ամեն ինչը թույլ չի տալիս վերադառնալ նախկինին։ Բայց ես շատ ուրախ կլինեի, եթե վերադառնայինք 2010-ականների խոսքի ազատության միջավայրին, երբ բոլորն ամեն ինչ ասում էին ու դժգոհում էին, որ ազատություն չկա, կուզենայի վերադառնալ փողոցում, կենցաղում անվտանգության այն աստիճանին, որ կար, ոչ թե ամեն օր լսեինք սպանությունների մասին։ Վերջին դեպքերն ուղղակի ապշեցուցիչ են։ Մարդը գնում է եկեղեցի հոգեհանգստի, սպանվում է, մարդը գնում է դաշտում աշխատելու, սպանվում է։ Հայաստանում քրեածին իրավիճակն այնպիսին է դարձել, որ տնից դուրս եկողը պետք է մտահոգվի, ինքը կենդանի վերադառնալո՞ւ է, թե՞ չէ։ Ես շատ կուզեի, որ նախկին այդ անվտանգության զգացումը լիներ Հայաստանում»,-ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։