ՔԿ. Մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու հավաքին
Իրավունք
16:15 23/10/2025
Հայաստան

ՔԿ. Մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու հավաքին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու Ս.Կ.-ին աջակցող հավաքին: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բազմաթիվ դեպքեր, ուստի Քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ նույնաբնույթ հանցավոր դրսևորումներից»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժումն Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել, որից հետո երթ՝ դեպի ԱԱԾ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder