«Արմատներով արցախցի ԱԽՔ-ը Երևանում ընդունել է այսպես կոչված «էկոակտիվիստների» առաջնորդին. նրանց, ովքեր փակեցին Բերձորի միջանցքը»
Օրվա թեմա
10:51 23/10/2025
Հայաստան

«Արմատներով արցախցի ԱԽՔ-ը Երևանում ընդունել է այսպես կոչված «էկոակտիվիստների» առաջնորդին. նրանց, ովքեր փակեցին Բերձորի միջանցքը»

Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։  Նրանց երեկ ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է եղել նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։ Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։

Արցախից բռնի տեղահանված Նարինե Գաբրիլեյանը հրապարակել է լուսանկար Արմեն Գրիգորյանի և ադրբեջանցիների հետ հանդիպումից ու գրել. «Արմատներով արցախցի ԱԽՔ-ի արմենն Երևանում ընդունել է այսպես կոչված «էկոակտիվիստների» առաջնորդին (Դիլարա էֆենդիևա)՝ նրանց, ովքեր փակեցին Բերձորի միջանցքը, ինը ամիս սովի մատնեցին արցախցիներին ու վերջում էլ ենթարկեցին էթնիկ զտման։

Ահա «խաղաղության նոր դարաշրջանը»»։ 

Անուշ Շահրամանյանը գրել է. «Սա անհավանական խայտառակություն է, աչքերիս չէի հավատում մինչև մի քանի տեղ չկարդացի։ Երևանում պատվով, ժպիտով դիմավորել են ու հետը ինչ-որ բան են քննարկել Արցախը շրջափակած «էկոակտիվիստներից» մեկի հետ։ Էս մարդիկ փակել են մեր թթվածինը, մեր կապը Հայաստանի ու աշխարհի հետ, սոված են պահել մի ամբողջ ժողովրդի, երեխաների, տարեցների, եղել հարյուրավորների մահվան պատճառը… արել են դա ցինիկաբար, «բնապահպանական» նպատակներով։ Մարդ որքա՞ն անինքնասեր պիտի լինի, որ ներքին ցասում չապրի ու կարողանա հանդուրժել սրանց ներկայությունը Հայաստանի տարածքում»։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրել է. «Երբ որ երկրի ղեկավարը ներսում առյուծ է խաղում, իսկ թշնամու դեմ կատու դառնում, այդ երկրի անձեռնահաս իշխանությանը պարտադրվում են այսպիսի «հյուրընկալություններ» և սա մեր ազգային ինքնասիրության դեմ ոչ վերջին ոտնձգություն է լինելու ցավոք... Նաև այս կնոջ պատճառով արցախցի շատ ծերեր ու երեխաներ սոված են եղել, վախեցած, հիվանդ և շատերն անօգնական մահացել են: Ու հիմա մենք մեր հարկերի հաշվին այս աղբը ներս ենք ընդունել , կերակրում ենք և հետը ժպտալով նկարվում: Այս լուսանկարը հակադրվում է արցախցի այն կնոջ ճակատագրին, որի երեխան գաղթի ճանապարհին մահացավ հիվանդությունից՝ տևական ժամանակ բուժօգնություն չստանալով, և նա օրեր շարունակ իր երեխայի դին գրկած , հասել է Հայաստան... Ուստի այսօր լրիվ հասկանալի է մարդկանց ցասումն այս՝ ոչ հայկական իշխանության դեմ...»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder