Ի՞նչ է ասեպտիկ ոսկրային նեկրոզը. Բացատրում է մասնագետը
Առողջություն
23:13 23/10/2025
Հայաստան

Ի՞նչ է ասեպտիկ ոսկրային նեկրոզը. Բացատրում է մասնագետը

«Ասեպտիկ ոսկրային նեկրոզը (օստեոնեկրոզ) օջախային ոսկրային նեկրոզ է, որը տեղի է ունենում որոշակի պատճառների ազդեցության տակ կամ առանց դրանց (իդիոպաթիկ օստեոնեկրոզ): Պաթոլոգիան կարող է հանգեցնել ցավի համախտանիշի, հոդերի շարժունակության նվազման և երկրորդային օստեոարթրիտի զարգացման»,-խնդիրը ներկայացնում է բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Մասնագետը մանրամասնում է.

«Ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզը (ԱԳ) ամենատարածվածն է և կազմում է կմախք-մկանային համակարգի բոլոր հիվանդությունների 1.5-4.5%-ը: Այն սովորաբար զարգանում է 30-ից 50 տարեկան տղամարդկանց մոտ: Կանայք հիվանդանում են 7-8 անգամ ավելի հազվադեպ: Դեպքերի 50-60%-ում պաթոլոգիան ազդում է երկու ոտքերի վրա:

Օստեոնեկրոզն առաջանում է ոսկրային հյուսվածքի արյան մատակարարման խանգարման պատճառով:

Ոսկրերի օստեոնեկրոզի պատճառներն են՝

• Վնասվածքները՝ հոդախախտները

• Կորտիկոստերոիդների՝ ստերոիդ հորմոնների երկարատև օգտագործումը

• Չարորակ նորագոյացությունների դեմ իրականացվող ճառագայթային թերապիան

• Աուտոիմուն պաթոլոգիաները

Օստեոնեկրոզի զարգացման հավանականության աճը կապված է ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ճարպակալման և շաքարախտի հետ:

Որոշ դեպքերում հիվանդության պատճառը մնում է անհասկանալի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder