Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել խիստ գաղտնի պայմաններում, նույնիսկ օդանավակայանի աշխատակիցները չեն իմացել այդ մասին
Բաքվից երեկ կեսօրին ինքնաթիռ է ժամանել Երևան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը նախապատրաստվելու համար։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական ինքանթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանակավայանում։
«30 տարվա ընթացքում առաջին անգամ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը թռավ դեպի Երևան և անվտանգ վայրէջք կատարեց Հայաստանի մայրաքաղաքում: Մենք տեսանք զարմանք Երևանի օդանավակայանի աշխատակիցների դեմքերին, երբ նրանք տեսան ադրբեջանական ինքնաթիռը, քանի որ դրա ժամանման մասին որևէ տեղեկություն չկար, քանի որ այն նախատեսված էր հատուկ չվերթ կատարելու համար»,-ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Երևան ժամանած ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։

Նա նշել է, որ շատ է մասնակցել հայերի մասնակցությամբ տարբեր միջոցառումների, բայց առաջին անգամն է, որ միջոցառումը կազմակերպվել է միայն հայկական ու ադրբեջանական կողմերի ջանքերով, երրորդ կողմ չկա։
Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, Երևանում քննարկումները տեղի են ունեցել փոխադարձ վստահության մթնոլորտում՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ մարդասիրական հարցեր։ Նա նաև հայտնել է, որ զրույց է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Մենք կձգտենք ապահովել, որ նման հանդիպումները շարունակվեն, քանի որ քաղաքացիական հասարակությունը կարող է խթան հաղորդել խաղաղության գործընթացին և օգնել իրականացնել ուրվագծված ծրագրերն ու գաղափարները», - ասել է Մամեդովը։
Նա նաև հայտնել է, որ ադրբեջանական խմբի անդամները զբոսնել են Երևանում։