Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ էր Վենետիկի հանձնաժողովն ի սկզբանե դրական եզրակացություն տվել Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասին, ապա այն համարել միջազգային իրավունքին հակասող. Փաստաբանները նոր մանրամասներ են ներկայացնում
«Չի կարող հավաքների կազմակերպման, անցկացման, նյութապես շահրգգռելու վերաբերյալ Քրեական օրենսգրքում առկա ձևակերպումը լինել իրավաչափ։ Ավելին, այն իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից պատվեր իջացնելու իրավապահ մարմիններին, որպեսզի հարուցվեն ու իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ»։ Այս հիմնավորումներով ու մտահոգություններով ԱԺ պատգամավորների մեկ երրորդը դիմել էր Սահմանադրական դատարան՝ կասկածի տակ դնելով Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը։ ՍԴ-ն կասեցրել էր վարույթը, դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիքի համար։
Հիշեցնենք, որ այս հոդվածով քրեական հետապնդման են ենթարկվել բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, այդ թվում «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՀՅԴ անդամներ։
Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիքը՝ հաստատելով ՍԴ դիմած ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները։
«Բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմինները, անտեսելով մարդու հիմնարար իրավունքը, ազատությունները հավաքների անցկացման մասով, օրենքը կիրառել են սխալ կերպով և անազատութան մեջ են պահել մարդկանց։ Բազմաթիվ դեպքերում կալանքներ են եղել, ունենք նաև դատական ակտ՝ ըստ էության հակասահմանադրական, միջազգային իրավունքին հակասող այս դրույթը կիրառվել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ, իշխանությունների կողմից ասպատակումների ենթարկվել են ՀՅԴ Եղեգնաձորի, Վայքի, Արմավիրի, Արարատի գրասենյակները, կուսակցականներ, ներառյալ ԳՄ անդամներ, ենթարկվել են անհամաչափ սահմանափակումների»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որը մասնակցել է ՍԴ ներկայացրած դիմումի կազմման աշխատանքներին, որպես պաշտպան ներգրավված է եղել Ավետիք Չալաբյանի գործով, ասաց, որ ժամանակին հոդվածը Քրեական օրենսգրքում ներառելու վերաբերյալ զեկույց էր հրապարակել երջանկահիշտակ Ավետիք Իշխանյանի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունը։ Պարզվել է, որ կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողով ուղարկված այդ հոդվածի անգլերեն թարգմանությունը չի համապատասխանել հայերենին։
«Մասնավորապես մեր գործընկերները անգլերեն տարբերակում պատահմամաբ, թե դիտավորյալ ավելացրել էին «հարկադրելու» տերմինը. Նյութապես շահագրգռելը՝ անձին ստիպելու, հարկադրելու ներկայանալ հավաքի։ Եւ բնականաբար, Վենետիկի հանձնաժողովը «հարկադրանք»-ի պարագայում գտել էր, որ հոդվածը Քրեական օրենսգրքում ներառելը տեղավորվում է միջազգային չափանիշների մեջ և համապատասխանում է հավաքների ազատության սահմանփակմանը»,-ասաց փաստաբանը։
Հարությունյանը հիշեցրեց, երբ 2020թ. մայիսին քաղաքական-հասարական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ու դատավորը որոշել էր երկամսյա կալանքը ընտրել նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընդամենը մեկ ամսից ուժի մեջ էր մտնելու նոր Քրեական օրենսգիրքը, որի մեջ այդ հանցակազմը չկար։
«Մենք կալանքի հարցի քննարկման ժամանակ ասացինք, հարգելի դատարան, ընդամենը մեկ ամսից այս հոդվածն ապաքրեական է լինելու, Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել չի կարող, դուք երկու ամսով ո՞նց եք կալանվորում։ Դրանից հետո հրատապ կարգով ԱԺ-ում ՔՊ ֆրակցիան բերեց նախաձեռնություն, որով ավելացնում էին այդ հանցակազմը նոր օրենսգրքում, որ կարողանան Չալաբյանին, դաշնակցականներին ու այլ գործիչներին գաղտնալսել, գաղտնալսածը մոնտաժել, հետո տեղադրել պրոիշխանական լրատվամիջոցներում, հետո գտնվի մի ոստիկան, որը շատ պատահաբար մտնում է Medianews կայքը, տեսնում է գաղտնալսված ձայնագրությունը, զեկուցում է կազմում, ներկայացնում քննչական բաժնի ղեկավարին, վերջինն էլ դիմում է ՔԿ նախագահին։ Ու շատ պատահաբար այդ գաղտնալսման մասնակիցը լինում է ընդդիմադիր կամ ընդդիմախոս գործիչ, որը կալանավորվում է»,-ասաց Վ. Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Հելսինկայն կոմիտեի ու Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համատեղ զեկույցում մասնավորապես նշված էր. «Հրատապ կարծիքում երրորդ արարքի վերաբերյալ անդրադարձի բացակայությունը կարող է բացատրվել ԱԺ կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթի անգլերեն թարգմանության թերություններով։ Այսպես՝ նախագծի հայերեն բնօրինակում, ինչպես նաև հետագայում ուժի մեջ մտած և այժմ արդեն կիրառված հոդվածի տեքստում նյութապես շահագրգռելու գործողությունները առհասարակ կապված չեն հարկադրանքի հետ։ Մինչդեռ անգլերեն տարբերակում, որի հիման վրա Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կազմել են կարծիքը, հանցակազմը ունեցել է հետևյալ տեսքը` motivating materially to make a person participate in assemblies or refuse to participate in assemblies: Հայերեն կրկին թարգմանելու պարագայում կստանանք հետևյալը՝ մարդուն հավաքներին մասնակցել կամ մասնակցությունից հրաժարվել ստիպելու համար նյութապես շահագրգռելը»։
Զեկույցի հեղինակները կառավարությանը և Ազգային ժողովին առաջարկել էին դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին առաջարկել էին. «Հաշվի առնելով, որ հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին անդրադարձ չի կատարվել 2021 թ. ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ միացյալ հրատապ կարծիքում ՝ վերանայել այն և հրապարակել դիրքորոշում ՝ հաշվի առնելով նաև նշված հանցակազմի՝ ՀՀ-ում կիրառաման պրակտիկան»։
Ասուլիսի մասնակից Վահե Գրիգորյանը նշեց, որ հավաքների կազմակերպչի՝ հավաքի մասնակիցների կեցության, սննդի, տեխնիկայի ծախսերը հավասարեցվել են հանցագործության։
«Եվ այո, թվարկված անձինք հետապնդվել են այնպիսի գործողությունների համար, որոնք ողջամտորեն տեղավորվում են հավաքի կազմակերպման իրավաչափ, օրինական կոնցեպտի մեջ և չէին կարող դիտարկվել իրավախախտումներ, առավել ևս հանցագործություններ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, և Վենետիկի հանձնաժողովի կողմից արձանագրված է, որ իշխանություններն օրենքի անորոշությունն օգտագործել են ընդդիմադիրներին, թեկուզ ժամանակավորապես չեզոքացնելու միջոց։ Սահմանադրականության տեսանկյունից սա ամենավտանգավոր մոտեցումն է, երբ օրենքը սկսում է ծառայել ոչ թե ողջ հասարակության շահի գեներացմանը, այլ որոշակի քաղաքական ուժի շահերը սպասարկելու, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ անհատների քաղաքականությունից կամ հասարակական կյանքից հեռացնելու միջոց»,-ասաց փաստաբանը։