Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ՝ դատավորին վիրավորելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանության «սրտի փաստաբանները» դատավորին վիրավորում են, մնում՝ փաստացի անպատիժ, և նրանց չեն կալանավորում կամ գետնին չեն տապալում՝ 3-րդ իշխանությանը վիրավորելու համար:
Խոսենք փաստերով. Այն, որ մարդկանց իրավունքները պաշտպանելը Հայաստանում դարձել է վտանգավոր, ակնհայտ է դառնում վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ ցուցաբերած դեպքերով: Հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից. պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր՝ Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Մինչդեռ նա կոնկրետ որևէ անձի չէր էլ վիրավորել: Հոկտեմբերի 17-ին Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Հիմա հարց. ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ, օրինակ, գետնին չտապալեցին կամ կալանքի չտարան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը ՔՊ-ի՝ ԲԴԽ գիտնական թեկնածուն էր, սակայն այդպես էլ չընտրվեց: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին վիրավորելու համար, սակայն նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, դատավորին վիրավորելով)»:
Ըստ նախաքննական մարմնի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական վարույթով անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել: Ընտրովի արդարադատության ակնհայտ դրսևորում է սա: Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ՝ դատավորին վիրավորելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։