Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրանեսթի ԽՎ լիագումար նիստին
Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում հոկտեմբերի 28-30 կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։
Նրա խոսքով, Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Այս հայտարարությունները նաև չեն նպաստում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ընդհակառակը, դրանք օգտակար են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ հետաքրքրված ուժերի համար։
Միլլի Մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ։ Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղության հաստատման շուրջ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի կողմից արված ոչ կառուցողական հայտարարությունը կրկին խաթարել է ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակներում այս կազմակերպության հետ համագործակցության առավելությունների նկատմամբ։ Այս պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։
Մենք մեր առարկությունները փոխանցել ենք նաև կազմակերպության ղեկավարությանը։ Ցանկանում եմ նշել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար», - հայտարարել է Միրկիշիլին: