Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ կառավարությունը մտադիր է ապամոնտաժել «Նաիրիտ» գործարանը, մաքրել տարածքը՝ դարձնելով էկոլոգիապես անվտանգ և կառուցապատման համար պիտանի։ Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը խորհրդային միության արդյունաբերության առաջատարներից էր։ 1980-ականներին այն արտադրում էր ռեկորդային՝ տարեկան 75 հազար տոննա կաուչուկ, ապահովում խորհրդային Հայաստանի եկամտի 40%-ը։ 1989 թ-ին էկոլոգիական շարժման ճնշման ներքո գործարանը փակվեց։ 3 տարի անց վերագործարկվեց, սակայն ատադրության նախկին ծավալներն այդպես էլ հնարավոր չեղավ վերականգնել։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 1990-ականների վերջերին գործարանը սեփականացվել է։
«Աշխատողների միջև վաուչերներ բաժանվեցին, բայց հետո,երբ գործարանը սնանկացավ, դրանք դարձան անարժեք մի փաստաթուղթ»,-ասաց նա։
Այժմ տարածքով հետաքրքրված է Կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք քննարկումներ է ունեցել Համաշխարհային բանկի հետ, մասնավորապես, գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Ըստ ուսումնասիրության՝ տեղամասում պահվում են ավելի քան 150 այլ քիմիական նյութ, որոնք տեղակայված են տարբեր հատվածներում։ Դրանք վտանգավոր տեսակի նյութեր են և ենթակա են անհապաղ վնասազերծման՝ հատուկ պայմաններում։ Ավելի քան 14,000 տոննա վտանգավոր քիմիական նյութ է պահվում այնտեղ։
«Բացի նրանից, որ այն ռիսկային է, բնակելի շենքերը կամաց-կամաց այդ տարածքին են մոտենում։ Այդ արտադրամասի շուրջն էլ են արդեն կառուցում բնակելի շենքեր, որոշակի հեռավորության վրա։ Այսինքն, եթե պետությունը որդեգրել է քաղաքի զարգացումն այս ուղղությամբ, ուրեմն անհրաժեշտություն է այդ հարցի լուծումը»,- նշեց մեր զրուցակիցը։
Փորձագետի խոսքով, կառավարությունը հրավիրել է Համաշխարհային բանկի մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան հետազոտել տեղանքը։
«Նրանք մտել են տարածք, ծանոթացել են՝ ինչ քիմիական միացություններ կան։ Պետք է նշեմ, որ դրանցում կա նաև խիստ հրդեհավտանգ նյութ՝ լաք էթինոլը։ Ժամանակ առ ժամանակ այն ռիսկային գոտում է հայտնվել և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել՝ հրդեհները կանգնեցնելու համար։ Սա է նաև պատճառը, որ կառավարությունը ուզում է հասկանալ՝ հնարավո՞ր է անվտանգ ձևով ոչնչացնել այն, եթե՝ այո, ապա ինչպե՞ս։ Սակայն այստեղ կարևոր է այն հարցը, թե ի՞նչ նպատակներով պետք է օգտագործվի տարածքը, որովհետև կախված նպատակից՝ հասարակական թե բնակելի շինությունների, պետք է լինի ամբողջությամբ անվտանգ՝ հողը վնասազերծված վտանգավոր նյութերից։ Այսինքն՝ տարածքը պետք է բերվի մարդկանց համար անվտանգ վիճակի»,- նշեց փորձագետը։
Հարկ է նշել, որ գործնականում այս վտանգավոր նյութերից ազատվելու գործընթացն այդքան էլ դյուրին չէ։ Տարիներ շարունակ, նույնիսկ մեծ գումարների ներդրման պայամններում, հնարավոր չդարձավ վերացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը։
«Մենք բավականին երկար ժամանակ թունաքիմիկատների գերեզմանոցն էինք ուսումնասիրում: Մեզ ասեցին՝ լաբորատորիան սերտիֆիկացված չի, հետո ուղարկեցինք արտասահման սերտիֆիկացված լաբորատորիա , հետո նոր կառավարության և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպում իրականացավ։ Հետո խառնել էին ամեն ինչը՝ մի ծանր տեխնիկա էր մտել տարածք, քանդել։Այն ժամանակ գործում էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը հանձն առավ և վերևից ջրանթափանց ծածկույթով ծածկվեց շերտը։ Բայց երկրաբաններն ասում էին՝ շատ չպետք է ծածկել, քանի սողանքային գոտում է, կգնա ավելի խորը։ Թումբը բարձրացրեց, մինչև անգամ այդ հողի շերտն էլ ամբողջովին ծածկվեց, թարմ հողի շերտով լցվեց, ցանկապատվեց։ Հետո հետազոտվեց և որոշեցին՝ ինչ նյութեր են։ Մասնագետները նշեցին, որ հրդեհավտանգ նյութեր են և ինքնաթիռով չեն կարող տեղափոխել այլ երկիր՝ չեզոքացնելու համար։ Հնարավորություն կար դեպի Իրան, այն էլ դոնորները գումար չտվեցին, որ Իրանում իրականանա։ Այսինքն՝ գործնական փուլում շատ տարբեր խնդիրներ են առաջանում։ Այդպես հեշտ ու հանգիստ չի լինի լուծել վտանգավոր թափոնների խնդիրը։ Չկարողացանք հանել Վրաստանից և անվտանգ Եվրոպայում ինչ-որ տեղ ոչնչացնել։ Որոշել էին բոլոր աշխատանքներն իրականացնել Հայաստանի տարածքում։ Բայց դրա համար էլ նախ ֆինանսներ, հետո՝ համապատասխան տեխնիկա է անտհրաժեշտ։ Հիմա Նաիրիտի մասով, պահակային հսկողություն անվտանգության կողմից իրականացվում է, բայց դա լուծում չէ։ Հարկավոր է գտնել արդյունավետ լուծման տարբերակը»։
Ամեն դեպքում, ամեն ինչ դեռևս այսպես ասած՝ ուսումնասիրության փուլում է։ Գործնականում աշխատանք տեսնելու մասին դեռ վաղ է խոսել։ Նուբարաշենի թունաքիմիկատների գործարանի օրինակն ունենալով աչքներիս առաջ, դժվար է ասել՝ երբևէ կվնասազերծվեն «Նաիրիտի» վտանգավոր թափոնները, թե ՝ ոչ։