Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակելն ու նրան հեռացնելը մի քանի հիմնարար իրավունքների խախտում էր. Կարապետյանց
«Այն, ինչ տեղի ունեցավ Հովհաննավանքում, խոսքի, կրոնի, հավաքների, մտքի, խղճի, խտրականության ու այլ բազմաթիվ ֆունդամենտալ իրավունքների խախտում էր։ Դա չի կարող անարձագանք մնալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց երկար տարիներ իրավապաշտպան գործունեություն ծավալած, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Հիշեցնենք, որ երեկ Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով, քաղաքացի Հ. Դորունցը բացականչեց, որ Ստեփան Ասատրյանը պատարագ չի կարող մատուցել։ Դրանից հետո անվտանգության, իրավապահ մարմինների աշխատակիցները փակեցին քաղաքացու բերանն ու ուժով դուրս հանեցին նրան եկեղեցուց, ապա հեռացրեցին եկեղեցու տարածքից։
Կարապետյանցի պնդմամբ, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների համար սա պետք է լինի ցուցիչ, որ Հայաստանը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։
«Տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ իրավունք ունեն մեկ վայրում խաղաղ հավաք անցկացնել։ Ոստիկանությունը պարտավոր է ոչ թե մարդկանց հեռացնել այդտեղից, այլ ապահովել տարբեր տեսակետներ ունեցող անձանց հավաքի նորմալ, անվտանգ ու բնականոն ընթացքը։ Մենք տեսանք հակառակը, մարդու բերանը փակեցին։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հանդիսացող մարդը Հայ առաքելական եկեղեցու սեփականություն հանդիսացող տարածքից ուղղակի ուժով դուրս բերվեց։ Սա անհասկանալի, խիստ դատապարտելի ու անընդունելի բան է»,-ասաց իրավապաշտպանը։
Նրա գնահատմամբ, կան դեպքեր, իրադարձություններ, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն սա այդ դեպքը չէ, եղել է հիմնարար իրավունքների խախտում։
Անդրադառնալով դեպքին հետևած արձագանքներին, մասնավորապես արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե ինքը չի տեսել այդ կադրերը, շարժման համահիմնադիրն ընդգծեց՝ Սրբուհի Գալյանը, ինքն ինչպես հասկանում է, շատ բաներ չի տեսնում ու նա միակը չէ գործող իշխանության պաշտոնյաների շարքում։
«Ոչ մի զարմանալու բան չկա, 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում մնացած մարդիկ ոչ արժեհամակարգ կրող են, ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ հայկականության հետ կապ ունեն։ Այդ բոլոր մարդկանց ուղղակի պաշտոն են տվել, աշխատում են։ Կարևորն իրենց CV-ներում գրված կլինի, որ այսինք ժամանակշրջանում այսինչ պաշտոնն են զբաղեցրել։ Գլխավոր դատախազն էլ սկզբունքորեն շատ բան չի տեսնում, Ներքին գործերի նախարարն էլ շատ բաներ չտեսնելու է տալիս, Մարդու իրավունքների պաշտպանն է շատ անհասկանալի հայտարարություններ տարածում։ Շատ դառը իրականություն է։ Հանուն արդարության պետք է ասել, այնպես չէ, որ նախկին իշխանությունները բոլոր այս խնդիրները տեսնում էին։ Պետք է առկա համակարգը մերժել ու Հայաստանի քաղաքացիներին առաջարկել նոր համակարգ, որի պայմաններում այլևս գլխավոր դատախազը, հակակոռուպցիոն մարմինները չեն լինի անձնական օգտագործման իշխանությունների համար»,-ասաց Նինա Կարապետյանցը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։