ԵՊՀ դասախոսին թաքուն նկարողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի դուստրն է. Aravot.am
Իրավունք
17:43 28/10/2025
Հայաստան

ԵՊՀ դասախոսին թաքուն նկարողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի դուստրն է. Aravot.am

ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ի վերջո ո՞վ էր այն իշխանական պատգամավորը, որին դուր չէր եկել իր դասախոսության ժամանակ բերված օրինակը:

Պարզվել է՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի մասին է, նրա դուստրն է թաքուն նկարել դասախոսին եւ փոխանցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին:

«Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ անթույլատրելի արարք է կատարել՝ ինձ նկարել է: Ես իրեն չեմ թույլատրել, ինքը պապարացի չի, իմ ուսանողուհին է: Նա պարտավոր էր ինձ ասել՝ թույլ կտա՞ք նկարել, որովհետեւ դա իմ անձնական իրավունքն է: Չի հարցրել թույլտվություն, ոչինչ, ես իրեն ներում եմ: Բայց դրանից հետո ինքը էլի մեկ այլ բան է արել՝ հատվածական նորից նկարել եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Իր դասախոսի նկատմամբ սուտ մատնություն է արել»,-նշել է Սահակ Մանուկյանը:

Արձագանքելով այս մեկնաբանությանը՝ ՔՊ-ական պատգամավորն ասել է.

«ԵՊՀ արդեն նախկին մի դասախոս գրառում է արել իր ազատման մասին և լրատվամիջոցների միջոցով փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր ես եմ միջնորդել, որ նրան աշխատանքից ազատեն։ Դա ինձ համար անակնկալ է և տարօրինակ։ Շտապեմ հիասթափեցնել․ ես համալսարանում ուսանողուհու ծնող եմ, ինչպես հազարավոր շատ այլ ծնողներ։ Չունեմ որևէ լծակ կամ հնարավորություն ազդելու համալսարանի կամ այլ կառույցների կադրային որոշումների վրա։ Ես ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել։

Այլ բան է, որ արդեն նախկին դասախոսը փորձել է իր անձի նկատմամբ հանրային հետաքրքրություն առաջացնել՝ իմ անունը որպես պատգամավոր շահարկելով։ Ավելի ճիշտ կլիներ, եթե վերոնշյալ անձը վերանայեր իր դասավանդման մոտեցումներն ու վարքագիծը, փոխարենը՝ մեղավորներ փնտրելու։ Նկատեցի նաև, որ ԵՊՀ-ն այս հարցի շուրջ տվել է մեկնաբանություն․ ըստ համալսարանի՝ տվյալ դասախոսը բազմիցս թույլ է տվել էթիկայի խախտումներ, որոնց վերաբերյալ եղել են բազմաթիվ բողոքներ թե՛ ուսանողներից, թե՛ ծնողներից՝ փաստական ապացույցներով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder