Երեկ Տիգրանի մայրիկի ծնունդն էր, նրան եղբոր հետ են տեսել. Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա երեխայի կորելու մասին
Հասարակություն
14:49 28/10/2025
Հայաստան

Երեկ Տիգրանի մայրիկի ծնունդն էր, նրան եղբոր հետ են տեսել. Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա երեխայի կորելու մասին

«3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մինչ այժմ որևէ արդյունք չկա», -լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա նշեց, որ չի կարող երեխայի կորելու որևէ վարկած մատնանշել՝ հաշվի առնելով, որ տարբեր տեսակի խոսակցություններ կան։

«Խոսակցություններն այնպիսի են, որ երեխաներին տեսել են այստեղ, երեխաներին տեսել ենք քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են տուն վերադառնալուց։ Բայց այդ խոսակցությունները հակասական են»,- նշեց մարզպետը։

Նրա փոխանցմամբ, հարազատների ներկայացնելով՝ երեխան եղել է իր մեծ եղբոր հետ։ Նա ցույց է տվել այն ճանապարհը, թե որտեղով են անցնել։

Կ. Սարգսյանն ասաց, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել։

Նա նաև հայտնեց, որ սոցիալապես  անապահով ընտանիք է, համայնքի կողմից աջակցություններ ցուցաբերվել են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեկ Տիգրանի մայրիկի ծնունդն էր, նրան եղբոր հետ են տեսել. Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա երեխայի կորելու մասին