Արցախից բռնի տեղահանվածներին արդյունավետ աջակցություն ՀՀ իշխանությունները չեն ցուցաբերել. ECRI
Քաղաքական
13:37 29/10/2025
Հայաստան

Արցախից բռնի տեղահանվածներին արդյունավետ աջակցություն ՀՀ իշխանությունները չեն ցուցաբերել. ECRI

Եվրոպայի խորհրդի անկախ փորձագիտական ​​մարմինը՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) այսօր հրապարակել է իր եզրակացությունները Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից 2023 թվականին տրված առաջարկությունների կատարման վերաբերյալ։ Առաջարկությունների կատարման համար հանձնաժողովը  երկրներից խնդրել էր ցուցաբերել առաջնահերթ հետևողականություն։

Panorama.am-ին ԵԽ-ից հայտնեցին, որ  Հայաստանի համար իշխանություններին տրված 1-ին առաջնահերթ առաջարկությունը վերաբերում էր հասարակության շրջանում բազմազանության և հանդուրժողականության կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացմանը։ Ըստ այդմ, իշխանությունները պետք է այդ հարցում աջակցեին Մարդու իրավունքների պաշտպանի և տարբեր ծագում ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների հետ համագործակցությամբ կոնկրետ գործողություններին՝ ռասիստական, ԼԳԲՏ-ի դեմ անհանդուրժողականության, ատելության խոսքի, ատելության հողի վրա հիմնված բռնության և խտրականության կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով։ ECRI-ն նշում է, որ այս մասով իր առաջարկությունը միայն մասամբ է իրականացվել։

Հայաստանի համար 2-րդ առաջնահերթ առաջարկությունը վերաբերում է փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների համար արդյունավետ աջակցության ապահովմանը, որը պետք է ներառեր  նաև համապատասխան ֆինանսական ռեսուրսների տրամադրում  և կարողությունների զարգացում։ ECRI-ն Հայաստանի իշխանությունների կողմից տեղեկացվել է մի շարք գործողությունների մասին, որոնք ձեռնարկվել են՝ արձագանքելու աննախադեպ մարդասիրական մարտահրավերին, որը առաջացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացված ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 100 հազար արցախցիների լայնածավալ տեղահանության հետևանքով։

«Ընդունելով Հայաստանի իշխանությունների առջև ծառացած մարտահրավերները և դրականորեն նշելով դրամական օգնության միջոցով արագ արձագանքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հասանելիությունը հեշտացնելու, առողջապահության հասանելիությունը ընդլայնելու և տեղահանված երեխաների կրթությունն ապահովելուն ուղղված միջոցառումները, ECRI-ն եզրակացնում է, որ ներկա իրավիճակում իր առաջարկությունը դեռևս չի իրականացվել»,-նշում են ԵԽ-ից` ավելացնելով, որ իշխանությունները չեն ընդունել ինտեգրման ռազմավարությունը, մինչդեռ այն պետք է ընդունվեր առանց ուշացնելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախից բռնի տեղահանվածներին արդյունավետ աջակցություն ՀՀ իշխանությունները չեն ցուցաբերել. ECRI