Աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոսը կդիմի դատարան
Իրավունք
11:11 29/10/2025
Հայաստան

Աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոսը կդիմի դատարան

ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանը կդիմի դատարան՝ իրեն աշխատանքից ազատվելու վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սահակ Մանուկյանը։

«Ռեկտորն ինձ հետ ըստ էության կապ չի հաստատել։ Ինձ ընդամենը հրամանն են ուղարկել, հիմնավորել են «ակադեմիական միջավայրին ոչ վայել օրինակ բերելը»»,-ասաց Մանուկյանը։

Աշխատանքից ազատված դասախոսն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր. «Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»։

Ավելի ուշ պարզվեց, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։ Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից։

««Նշել եմ, որ խոսքի ազատությունը սահամանափակվում է, երբ հասնում է դիմացինի արժանապատվության ոտնահարմանը, և այստեղ խնդիր կարող է առաջանալ կապված վիրավորանքի և զրպարտության հետ։ Եվ որպեսզի ուսանողների մոտ տպավորվի, ես նրանց օրինակներ եմ ներկայացրել։ Մասնավորապես սկսել եմ Scotch and Whiskey ֆիլմից, որտեղ մի դրվագ կա, երբ Սոս Ջանիբեկյանը իր զոհին, որին մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը, ոչ միայն զրկած է լինում ազատ տեղաշարժման իրավունքից, այլ նաև նրան հետևյալ բառն է ասում. «ֆուցն»։ Ես ուսանողներին հարց եմ տալիս՝ հնչող բառը զրպարտչակա՞ն բնույթի արտահայտություն է, թե՞ վիրավորական բնույթի։ Ուսանողներն այդ պահին չեն կարողանում կողմնորոշվել և ճիշտ պատասխանել, ես մոտ 40 րոպեանոց դասախոսություն եմ նվիրում այս երկու հասկացությունների տարբերությանը։  Վերջում բոլորը միանշանակ հանգում են այն եզրակացության, որ սա վիրավորական բնույթի արտահայտություն է։ Ուսանողներից մեկը դասախոսությունը լսելու և հասկանալու փոխարեն զբաղվել է այլ անթույլատրելի գործունեությամբ»,-news.am-ին ասել էր Մանուկյանը։

Հայտարարություններին արձագանքել էր ՔՊ-ական պատգամավորը՝ հայտարարելով, որ ռեկտորի հետ ինքը չի խոսել։

«Չունեմ որևէ լծակ կամ հնարավորություն ազդելու համալսարանի կամ այլ կառույցների կադրային որոշումների վրա։ Ես ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել։ Նկատեցի նաև, որ ԵՊՀ-ն այս հարցի շուրջ տվել է մեկնաբանություն․ ըստ համալսարանի՝ տվյալ դասախոսը բազմիցս թույլ է տվել էթիկայի խախտումներ, որոնց վերաբերյալ եղել են բազմաթիվ բողոքներ թե՛ ուսանողներից, թե՛ ծնողներից՝ փաստական ապացույցներով»։

Մանավազյանի հայտարարության վերջին հատվածը Սահակ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում հերյուրանք որակեց։

«Հերյուրանք, իհարկե, նման բան չի եղել»,-ասաց նա։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, խոսելով Ս. Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու հիմքերի մասին, նշել է.

«Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին։

Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։

Հուսով եմ՝ հանրային դիրք ու լսարան ունեցող համալսարանականներն ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ չեն մնա խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելուց՝ ապահովելով «լսարանային էթիկայի» վերաբերյալ բաց հանրային քննարկումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոսը կդիմի դատարան