Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվող գումարը 2026-ին կավելանա
Քաղաքական
11:09 29/10/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվող գումարը 2026-ին կավելանա

ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությանը 2026 թվականին առաջարկվում է հատկացնել 24 մլրդ 3 մլն դրամ, որը 187 մլն դրամով ավելին է, քան 2025 թվականի բյուջեով նախատեսված գումարը։

Բարձրագույն դատական խորհրդին առաջարկվում է  հատկացնել 16 մլրդ 845 մլն դրամ, որը 308 մլն դրամով ավելի քիչ է, քան 2025 թվականին նախատեսված բյուջեն։ 

Դատախազությանը 2026 թվականի համար առաջարկվում է 10 մլրդ 638 մլն դրամ, որը 712 մլն դրամով ավելի է 2025 թվականին տրամադրված գումարից։

Պետական վերահսկողության ծառայությանն առաջարկում են հատկացնել 168 մլն դրամով ավել կամ 1 մլրդ 102 մլն դրամ:

«Սա պայմանավորված է որոշ ֆունկցիաների պետական վերահսկողության ծառայություն տեղափոխման և հաստիքների ավելացման հանգամանքով»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։

Ազգային ժողովին առաջարկվում է հատկացնել 68 մլն դրամով ավելի քիչ կամ 7 մլրդ 4 մլն դրամ։ 

Հանրապետության նախագահի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 40 մլն դրամով ավելի քիչ կամ 1 մլրդ 618 մլն դրամ։ 

Վարչապետի աշխատակազմին առաջարկվում է նախատեսել 2025 թվականին հատկացված գումարից 1 մլրդ 520 մլն դրամ ավելի կամ 25 մլրդ 804 մլն դրամ։

«Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում պլանավորվող Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովի անցկացման ծախսերով, նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարով»,- ասաց նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 7 մլրդ 20 մլն  դրամով ավելի, քան 2025 թվականին կամ 7 մլրդ 513 մլն դրամ: Սա պայմանավորված է մյուս տարի պլանավորվող Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացմամբ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում են հատկացնել 15 մլն դրամով ավելի քիչ կամ 405 մլն դրամ։ 

Սահմանադրական դատարանին առաջարկում են հատկացնել 41 մլն դրամով ավելի կամ 912 մլն դրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվող գումարը 2026-ին կավելանա