«Ժողովուրդ». Արդեն «հասնում» են Ժաննա Անդրեասյանին
Օրվա մամուլ
08:35 30/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արդեն «հասնում» են Ժաննա Անդրեասյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գործը, արդեն «հասնում» են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իրավապահները այցելել են նախարարություն և պահանջել մի շարք փաստաթղթեր։

«Ժողովուրդ» օրաթերթին այժմ հայտնի են դառնում նոր մանրամասներ։ Պարզվում է՝ խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ իր ընկերուհի, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի առաջարկով։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում են հայտնվել, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար «կողմնակի եկամուտ» ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը մեկ տարի ժամկետով։

«Կողմնակի եկամուտ» ձևակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել «կողմնակի» եկամուտ: Բայց աղմկահարույցն այն է, որ օրինականության մասին ելույթներ ունեցող Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այդ որոշումը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ձերբակալել է ռեկտոր Սրբուհի Գևորգյանին և պրոռեկտորին։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար։ Սակայն մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել, թե բուհի համար 50 միլիոն դրամի ավանդ ներդնելու վերաբերյալ մարտ ամսին կայացված որոշումը արդյոք կապվա՞ծ է ռեկտորին առաջադրված մեղադրանքների հետ, թե՞ ոչ:

Այս իրավիճակի ֆոնին ուշագրավ է, որ նույն ՔՊ իշխանությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեց այն դեպքում, երբ որևէ փաստաթղթի տակ նա չէր ստորագրել, իսկ, ահա, նախարարի ստորագրությունը առայժմ որևէ իրավական հետևանք չի առաջացրել, և անհասկանալի է մնում հարցը. երկու ընկերուհիներով` ռեկտորը և նախարարը, իրականում ինչո՞ւ են բուհի միջոցները բանկ դրել ու եկամուտ գեներացրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder