ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգի ձեռքով նպատակ ունեն մեկուսացնելու սույն գործով մեղադրյալներին քաղաքական գործընթացներից. Պաշտպան
Իրավունք
17:24 30/10/2025
Հայաստան

ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգի ձեռքով նպատակ ունեն մեկուսացնելու սույն գործով մեղադրյալներին քաղաքական գործընթացներից. Պաշտպան

18 արդարների գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը հանդես եկավ քրեական գործը կարճելու միջնորդությամբ։ Մինչ այդ նման միջնորդություն էր ներկայացրել Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Գործով մեղադրյալների՝ նաև վստահորդիս իրավունքների սահմանափակումն ապօրինի է և ունի այլ թաքնված նպատակ, այն է մեկուսացնել «Սրբազան պայքար»-ի ակտիվ մասնակիցներին քաղաքական գործընթացներից, այդ թվում խաղաղ ակցիաներ իրականացնելու հնարավորությունից»,-ասաց պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ գործ ունեն քաղաքական հետապնդման հետ։

Պաշտպանը հիշատակեց, որ գործով որպես ապացույցներ են ներկայացվել ձայնագրություններ, որոնք մոնտաժված են, կեղծված։

«Ես քաղաքական հայտարարություն չեմ անում, անում եմ իրավական արձանագրում։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգի ձեռքով հետապնդում են այլ՝ օրենքով չնախատեսված նպատակ մեկուսացնելու սույն գործով մեղադրյալներին քաղաքական գործընթացներից»,-ասաց Սողոյանը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ ցանկանում է  ամփոփում անել, քանի որ իր ներկայացրած միջնորդությունն է քննարկվում ու տևական ժամանակ է անցել դրա ներկայացումից։

«Ինչպես նշեց գործընկերս, այ գործն ունի քաղաքական նպատակ, և դա ամենևին էլ քաղաքական հայտարարություն չէ։ Հստակ ձևակերպված իրավական դիրքորոշում է։ Գործը դատարան է բերվել կեղծված ապացույցների հիման վրա, ակնհայտ և խիստ ինտենսիվ միջամտությամբ, որևէ պարագայում այս գործով որևէ ակտ, բացառությամբ այս պահին Ձեր կողմից հետապնդումը դադարեցնելու՝ ընդհուպ արդարացնելու որոշումը, չի լինելու օրինական»,-ասաց Խուդոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder